Սույն թվականի դեկտեմբերի 3-ին Իրանի իսլամական հանրապետության մայրաքաղաք Թեհրանում իր աշխատանքն է սկսել Իսլամական համագործակցության կազմակերպության 10-րդ նստաշրջանը: «Մեդիա ոլորտի ինտեգրացիոն գործընթացները հանուն խաղաղության ու կայունության» խորագրով միջոցառմանը մասնակցել են 57 երկրների ներկայացուցիչներ: Ադրբեջանի կողմից նիստին մասնակցում էր Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական կապերի բաժնի պետ Ալի Հասանովը: Բնականաբար նրա ելույթի մի զգալի հատված նվիրված էր Հայաստանի կողմից հողեր զավթելու արդեն ծեծված թեմային: Ըստ նրա՝ Հայաստանը փորձում է կրոնական երանգավորում հաղորդել Լեռնային Ղարաբաղի խնդրին: Բացի դրանից Հասանովն անդրադարձավ իսլամական երկրների խնդիրներին, մասնավորապես, Սիրիայում ընթացող պատերազմին, Պաղեստինի ժողովրդի ազատագրական պայքարին՝ դատապարտելով Արևմուտքի հակաիսլամական քաղաքականությունը: Նա կարևորեց Ադրբեջանի հանրապետության դերը աշխարհում իսլամական համերաշխության ամրապդման գործում:


Փաստորեն պաշտոնական Բաքվի ցինիկ քաղաքականությունը չափ ու սահման չի ճանաչում: Հասանովը խոսում է Պաղեստինի ժողովրդի իրավունքներից, սակայն երևի մոռանում է, որ Ադրբեջանի տարածքն անարգել օգտագործվում է Իսրայելի հատուկ ծառայությունների կողմից նույն Իրանի նկատմամբ հետախուզական գործունեություն ծավալելու համար: Բա ու՞ր մնաց իսլամական համերաշխությունը: Էլ չխոսենք Սիրիայի պատերազմի մասին, որին մասկացում են Ադրբեջանի հարյուրավոր քաղաքացիներ: Խոսելով իսլամի դերի մասին՝ Հասանովն ամենայն հավանականությամբ մոռանում է, որ Ադրբեջանում հավատացյալների նկատմամբ ճնշումներ են գործադրվում ընդհուպ մինչև մարդկանց մորուքների ստիպողաբար սափրելն ու պետական հեռուստաալիքով հակաշիական հաղորդումների հեռարձակումը: Էլ չխոսենք մզկիթները փակելու և Նախիջևանում հավատացյալներին բանտարկելու մասին: Այստեղից հռետորական հարց է առաջանում, արդյո՞ք Հայաստանն է, որը բավական լավ հարաբերություններ ունի շատ իսլամական երկրների հետ, վարում հակաիսլամական քաղաքականություն, թե Ադրբեջանը, որի ղեկավարությունն անմիջական վտանգ է տեսնում իսլամի մեջ:

 

 

Սարգիս Ասատրյան