Իրանցիներին այս անգամ զարմացրել է այն, որ Ադրբեջանում հիմա էլ արգելել են բնակչությանը նշել շիայական մեսիայի՝ իմամ Մահդիի ծնունդը։ Այն պարագայում, երբ Իլհամ Ալիևը 2017թ․-ը հայտարարել է Ադրբեջանում «Իսլամական համերաշխության տարի», իսկ այսօր Բաքվում մեկնարկել են Իսլամական համերաշխության խաղերը, երեկ Ադրբեջանում տեղի է ունեցել հերթական հակակրոնական գործողությունը․ ամենախիստ զգուշացմամբ ԱՀ ազգաբնակչությանը արգելվել է նշել իմամ Մահդիի ծնունդը։
Հետաքրքիր է այն, որ երեկ ԱՀ սպորտի ու երիտասարդության նախարար Ազադ Ռահիմովը հայտարարում էր, որ վաղը, այսինքն այսօր, Ադրբեջանը լինելու է աշխարհի ուշադրության կենտրոնում։ Նախարարի «մարգարեական» ենթադրությունը տեղի ունեցավ, բայց Ադրբեջանը հայտնվեց աշխարհի ուշադրության կենտրոնում ոչ թե նշված խաղերով, այլ հերթական անգամ կրոնական բռնաճնշումներով։
Իսլամի դրոշի ներքո իսլամադավան պետություններին «միավորելու» փորձ անող Իլհամ Ալիևը, փաստորեն, հենց նրանց աչքի առաջ ծաղրում է իսլամը և ցեխ շպրտում ամբողջ իսլամական աշխարհի վրա՝ ցույց տալով, որ թքած ունի կրոնի վրա, և կրոնն իրեն պետք է միայն որոշ հարցերում դրա շահարկման համար։
Ի պատիվ իսլամական պետություններից Սուդանի, Լիբիայի և Քուվեյթի՝ այս երկրներից որևէ մարզիկ այդ խաղերին չի ներկայացել։
Արտյոմ Տոնոյան