Մեր երկրից արտահանումը այս տարվա 10 ամիսներին ավելացել է 2,9 տոկոսով, իսկ ներմուծումը' 3,8 տոկոսով: Գումարային առումով արտահանումն ավելացել է մոտ 35-40 մլն դոլարով, ներմուծումը' 145-150 մլն դոլարով:
Հաշվի առնելով մեր արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը, երբ 1 միավոր արտահանման դիմաց ներմուծում ենք 3-ը եւ դրա ֆոնին ներմուծման առաջանցիկ աճը արտահանման նկատմամբ, հասկանալի կդառնա, որ այս գործոնն որոշակի ազդեցություն է ունեցել փոխարժեքի տատանման վրա ,տարբերությունը կազմելով 110-120 մլն դոլար: Նման գործոնների պատճառով արտահանման խթանմանը նպաստելու համար ստիպված տեղի է ունենում դրամի թուլացում: Իհարկե պետք է նշել, որ նման մարտավարությունը պետք է նպաստի գնողունակության բարձրացմանը: Այս մարտավարության համար նպաստավոր գործոն էր ցածր գնաճը, որը 3-4,5 տոկոս նպատակային միջակայքից էլ ցածր հատվածում է գտնվում' այս տարվա հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գրանցվել է 1,5 տոկոս գնաճ: Ցածր գնաճային միջավայր է ձեւավորվել անգամ չնայած նրան, որ հուլիսի 1-ից պետական համակարգի ծառայողների աշխատավարձերը կտրուկ բարձրացվեցին, ինչի համար հավելյալ 40 մլրդ դրամ էր հատկացվել պետական բյուջեից: Հաշվի առնելով վերը նշված գործոնները, պետք է եզրակացնել, որ դրամի արժեզրկումը գտնվում է թույլատրելի միջակայքում, նպաստելով արտահանման ավելացմանը և արտերկրից գումարներ ստացող բնակչության գնողունակության աճին:
Գոռ Մարկոսյան