Սիրելի երիտասարդներ,
Շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ: Նշելով այս օրը՝ աշխարհի առաջադեմ երկրները, մեկ անգամ ևս ընդգծելով հասարակության կյանքի բոլոր ոլորտներում երիտասարդության ունեցած դերը, կարևորում են երտասարդության ներուժն ու հնարավորություններն առավել արդյունավետ օգտագործելու անհրաժեշտությունը: Ուրախությամբ ուզում եմ նշել, որ գնալով ավելի ու ավելի շատ երիտասարդներ են մասնակցում մայրաքաղաքի զարգացմանն ուղղված ամենատարբեր ծրագրերի: Ավելին՝ մեր երիտասարդների կողմից արված կառուցողական շատ առաջարկներ հենց իրենք են հիմք հանդիսանում քաղաքային տնտեսության ամենատարբեր ոլորտներին առնչվող նոր ծրագրերի: Գործին նվիրված, հայրենիքն ու սեփական քաղաքը սիրող հենց այդ երիտասարդներն են մեր ապագայի երաշխիքը և հենց նրանցից է կախված, թե ինչպիսին կլինի այդ ապագան: Նաև այդ պատճառով է, որ մեզ համար շատ կարևոր է, որ մեր երիտասարդները լինեն ուժեղ, ստեղծագործող, ակտիվորեն մասնակցեն հասարակության և մեր քաղաքի համար կարևոր որոշումների կայացմանը: Երիտասարդությանն առնչվող Երևանի քաղաքապետարանի ծրագրերում մենք կարևորում ենք ձեր մասնագիտական հմտությունների կիրառման, ինչպես նաև հանգստի և ժամանցի համար լիարժեք պայմանների ստեղծումը:
Կրկին շնորհավորելով բոլորիդ, վստահեցնում եմ, որ այդ ուղղությամբ մեր բոլոր ծրագրերը լինելու են շարունակական և մենք անելու ենք հնարավոր ամեն ինչ՝ երիտասարդության ներուժը, կարողություններն ու հմտությունները հանուն մեր համաքաղաքացիների ու մեր սիրելի մայրաքաղաքի բարօրության օգտագործելու համար:
Տարոն Մարգարյան