Սիրելի ուսուցիչներ, մանկավարժներ,
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքները մասնագիտական տոնի' Ուսուցչի օրվա կապակցությամբ:
Մեր ժողովուրդն իր դարավոր պատմության ընթացքում առանձնակի սիրով ու գնահատանքով է վերաբերվել ուսուցչին՝ հասարակական կյանքում նրան վերապահելով ամենապատվավոր ու հարգալից տեղը։
Ավելին, յուրաքանչյուր հայի համար ուսուցիչ և ծնող բառերը շատ հաճախ նույնացվում են։
Իսկապես, անչափ մեծ է ձեր վաստակը սերունդների կրթության ու դաստիարակության պատասխանատու գործում։ Լինելով ազգային արժեհամակարգի ձևավորողը' դուք միաժամանակ դառնում եք տվյալ համակարգի կարևոր հիմնասյունը:
Մեր երկրի հզորացման ու ազգային իղձերի իրականացման գործում հավասարաչափ կարևոր է ձեզնից յուրաքանչյուրի աշխատանքը։ Ձեր անձնական օրինակով ու նվիրումով է ձևավորվում 21-րդ դարի հայ մարդու, մեր երկրի արժանի քաղաքացու նկարագիրը:
Մեկ անգամ ևս շնորհավորելով մասնագիտական տոնի' ուսուցչի օրվա կապակցությամբ, բոլորիդ մաղթում եմ նորանոր հաջողություններ ձեր անչափ կարևոր և պատասխանատու գործում: