VIII դարում չինացիները հայտնաբերեցին վառոդը, որի կիրառումով ստեղծվեց հրազենը: Հրազենի մասին առաջին անգամ հիշատակված է չինական հին ձեռագրերից մեկում (1253թ.): Համաձայն այդ տեղեկության՝ վառոդի ստեղծումից հետո եղեգից պատրաստել են հրազեն հիշեցնող մի սարք, որն ունեցել է 50-60 սմ երկարություն: Եղեգի ներսի մասը հղկել են, մի ծայրը խցանել եւ խցանված կողմի վերջնամասում՝ լիցքավորված վառոդը այրելու նպատակով, բացել փոքր անցք: Հրազենի մասին հաջորդ հիշատակումը հանդիպում է 1291թ. արաբական մի ձեռագրում, որտեղ նշվում է 1,5 մ երկարություն ունեցող գերանից պատրաստված հրանոթ հիշեցնող սարքի մասին, որով կրակել են քարե գնդեր:

 

 

Ավելի ուշ ի հայտ եկան հրացանները, 16-րդ դարից՝ ատրճանակները: 1521 թ-ին ստեղծվեց հարթափող պատրույգավոր հրազենը՝ մուշկետը: XVII դարում ստեղծվեցին կայծքարե փականքով, ապա՝ ակոսավոր հրացանները (շտուցեր) և թղթե պարկուճով փամփուշտները, որի հետևանքով նվազեց զենքի քաշը եւ մեծացավ արագաձգությունը: 1870-ական թթ․ ստեղծվեցին միափող գնդացիրներ: 1890-ական թթ․ ստեղծվեցին առաջին սուզանավերը, 1903-ին՝ ինքնաթիռները, 1916-ին՝ տանկերն ու ինքնալիցքավորվող (ավտոմատ) հրացանները:
Հայկական աղբյուրներում հրազենի մասին առաջին հիշատակությունը հանդիպում է 15-րդ դարի հայ պատմիչ Թովմա Մեծոփեցու «Պատմութիւն Լանկ Թամուրայ և յաջորդաց իւրոց» աշխատության մեջ։