Պետական մտածողություն ունենայինք, այս տարիների ընթացքում ձեռնարկեինք հնարավոր բոլոր քայլերը սիրիահայության ներգաղթը Հայաստան ու Արցախ կազմակերպելու, ավելին՝ հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով առանձին մեծ քաղաք կառուցեինք նրանց համար, որ ամենալավ ուղերձը կիներ միջազգային հանրությանը՝ Սիրիայում ընթացող վերջին տարիների գործընթացների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման առումով:
Նախորդ իշխանությունը կարող էր ու պարտավոր էր լուծել այս խնդիրը, բայց չարեց:
Հիմա էլ չե՛նք անում, մենք այդպես էլ որևէ հետևություն չենք անում մեր պատմությունից և դասեր չենք քաղում:
Խոսքերով հեշտ է Հայաստանը դարձնել 4 կամ 5 միլիոնանոց երկիր, խոսքերով հեշտ է Հայաստանը համարել բոլոր հայերի հայրենիքը, հե՛շտ է երազել մեզանից խլված հայրենիքը վերադարձնելու մասին, Արարատի մասին, իսկապես գերագույն հաճույք է գրել ու տարածել ՛՛Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է՛՛ հայահավաք միտքն ու ապրել այդ մտքով:
Խոսքերով ամեն ինչ հեշտ է ու հաճելի մադկանց ականջին...
...Հիմա էլ ուշ չէ:
Մեկ անգամ պետք է պատասխանատվություն վերցնել և լուծել անլուծելի թվացող այդ հարցը:
Թեկուզ փոքր ծավալներով, բայց պետք է սկսել սիրիահայության մեծ ներգաղթի կազմակերպումն ու նրանց ինտեգրումը մեր հանրային կյանքին...
Եվ առհասարակ, հնարավորինս արագ պետք է բացել ՄԵԾ ՎԵՐԱԴԱՐՁԻ ճանապարը աշխարհի բոլոր հայերի համար...
Հիմա՛, հենց հիմա՛ է հայկական հզոր պետության սաղմերի ձևավորման ժամանակը:
Մենք ուշացնելու և ուշանալու իրավունք չունենք...