Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր քաղաքական միտքն անկարող է, անունակ է, մինչև ամենախորքերը փտած, հնամաշ ու տխմար է այնքան, որ մենք որպես հասարակություն այդպես էլ չենք հասկանում, տեղյակ չենք, չգիտենք, որ «անջատում»-ները` այսինք բառացի անջատողականությունը` սեպարատիզմը որևէ երկիր երբևէ չի կարող սատարել, եթե դա չի բխում, իր կամ որևէ գերտերության ուղղակի, անմիջական շահերից: Իսկ այդպիսի շահերը եզակի են լինում և Արցախի հարցը հաստատ դա չէ: Սեպարատիզմի խնդիրներ ունեն աշխարհի գրեթե բոլոր տերություններն ու գերտերությունները և Ազգերի ինքնորոշման կամ անջատման դրույթը վաղուց աշխարհում դարձել է մեծապես մերժելի: Հնամաշ դասագրքերով սնվածներն են միայն կարծում, թե Տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման դրույթները շարունակում են հավասար մնալ: Առարկայական միջազգային քաղաքականությունում երկրների տարածքային ամբողջականության սկզբունքն անհերքելիորեն և միապետորեն առաջնություն է վայելում:
     «Անջատում` հանուն փրկության» ձևակերպումը, ուղղակի հայտարարություն է այն մասին, որ մենք ճանաչում ենք Ադրբեջանի տիտղոսը` իրավատիրությունը Արցախի նկատմամբ, բայց հանուն փրկության` պահանջում ենք ճանաչել մեր «անջատումը» նրանից: Ինչու՞: Որովհետև չես կարող անջատվել մի բանից, որին միացած չես: Իսկ եթե խոսում ես անջատման մասին, ապա ընդունում ես, որ միացած ես եղել կամ միացած ես:
     Անգամ հանուն փրկության անջատվելու համար անհրաժեշտ է ապացուցել անջատվողի հանդեպ իրականացվող ցեղասպանությունը: Փորձը ցույց է տալիս, որ քսաներորդ դարում որևէ ընթացող ցեղասպանություն որպես այդպիսին չի ճանաչվել: Երբեմն ավարտից հետո միայն, իսկ հաճախ` ընդհանրապես չի ճանաչվել: Արցախի հանդեպ Ադրբեջանի իրականցրած կամ իրականացվող ցեղասպանության հանգամանքն արտաքին աշխարհին ուղղակի անհնար է լինելու ընդունել տալ:
     Եվ հիշեցնենք. Արցախը անջատվել է Հայաստանի Հանրապետությունից: Երբ տեղի ունեցավ Արցախի անկախության ինքնահռչակում` այն արդեն օրինական գործընթացով Հայաստանի մաս էր»: