Անընդունելի է, երբ սպորտը, մշակույթը քաղաքականցվում են:
Տգեղ էր, այն ինչ տեղի ունեցավ Սերբիա- Ալբանիա ֆուտբոլային խաղի ժամանակ: Միլիոններին գերող այս խաղը կարող էր խաղաղության կամուրջ հանդիսանալ այս երկու ժողովուրդների միջև, սակայն տեղի ունեցավ հակառակը:
Տհաճ է, երբ Անդրեյ Մակարևիչի համերգները Ռուսաստանում, ըստ էության, արգելվում են, որովհետև երգիչն ուկրաինական հարցում ունի Կրեմլից տարբերվող դիրքորոշում:
Բայց տհաճ է նաև, որ մի քանի հազար մարդ բողոքում են Կոբզոնի և Վալերիայի լոնդոնյան համերգի դեմ՝ միայն այն բանի համար, որ երգիչները պաշտպանում են Պուտինի քաղաքականությունը:
Իհարկե, մտավորականները, մարզիկները պետք է ունենան քաղաքացիական կեցվածք, դիրքորոշում, սակայն դա չպետք է շփոթել ՙՙպալատական սազանդարության՚՚ հետ: Ուզում եմ ասել, որ հաճախ անվանի մտավորականներն են իրենց շուրջ կրքերի բորբոքման առիթ տալիս:
Մյուս կողմից, Մակարևիչը, Կոբզոնը, Վալերիան, առաջին հերթին, անզուգական կատարողներ են ու նրանց հենց այդպես էլ պետք է ընդունենք՝ քաղաքականությունից վեր ու քաղաքականությունից դուրս:
Սուրեն Սուրենյանց