Դեռ ամիսներ առաջ, երբ Տիգրան Տնտեսասպանն էր վարչապետ, կառավարության ամեն քայլ առաջացնում էր բուռն դժգոհություն և ինչ խոսք, դժգոհությունը որպես կանոն տեղին էր։ Հետո Տիգրան Սարգսյանին փոխեցին ու նշանակեցին Հովիկ Աբրահամյանին, բայց ի՞նչ փոխվեց դրանից։ Ոչինչ։ Համենայն դեպս, ոչինչ դեպի լավը չգնաց, իսկ կառավարության կուրսը ոնց կար հակասոցիալական ու ժողովրդին հարստահարող, այնպես էլ մնաց, եթե չասեմ, որ էլ ավելի վատը դարձավ։


Կարելի է համեմատականներ անգամ անցկացնել։ Երբ Տիգրան Սարգսյանի կաբինետը չեղարկեց գործազուրկների 18000 դրամանոց նպաստը, մեծ աղմուկ ու աղաղակ բարձրացավ, այդ թվում՝ ներկայիս ընդդիմադիր խաղացողների շրջանակներում, սակայն այդ նույն շրջանակները կարծես թե չեն նկատել ավելի սարսափելի մի հակասոցիալական որոշում՝ նոր կառավարության կողմից։


Ինչպես գիտենք, մեր պանծալի կառավարությունը որոշել է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների» մասին օրենքում փոփոխություն անել, որի արդյունքում եթե ներկայումս աշխատող կինը մինչծննդաբերական և հետծննդաբերական շրջանի համար նպաստ ստանում է իր միջին աշխատավարձի 100 տոկոսի չափով, ապա, նոր օրինագծի համաձայն, 2015 թվականից առավելագույնս 80 տոկոսի չափով կստանա, իսկ 140 օրանոց արձակուրդի ընթացքում վճարվող գումարը չպետք է գերազանցի 2.6 միլիոն դրամը՝ 1-իօն ու 2-րդ երեխաների դեպքում, և 3.6 միլիոնը՝ 3-րդ ու 4-րդ երեխաների դեպքում։


Սա հերթական ուղղակի ու շոշափելի հարվածն է՝ հասված ՀՀ առանց այն էլ ողբալի վիճակում գտնվող դեմոգրաֆիային ու որ հատկանշական է, այդ ցավոտ հարված հասցվում է Հայաստանի կառավարության կողմից։ Ակամայից հարց է առաջանում, թե հանուն ինչի՞ է պայքարում կառավարությունը, եթե նրա գրեթե ամեն քայլ ուղղակիորեն վնասում է հասարակ ժողովրդին։ Եթե փող է պետք, գնացեք բանկերից ու խոշոր ձեռնարկատերերից քերեք այդ փողերը գոնե մի անգամ, թե չէ սաղ պարերը պարել էիք, հիմա էլ անցաք մարդկանց երեխա ունենալն էլ շռայլություն դարձնելուն։

 

Կից նյութն՝ այստեղ

 

 

Անդրանիկ Իսահակյան