Սիրուն առաջինը արձագանքում են մակերիկամները: Նրանք արտազատում են, այսպես կոչված, վախի ու կրքի հորմոններ' ադրենալին, նորադրենալին և կորտիզոլ: Այդ կոկտեյլը կրքերի փոթորիկ է առաջացնում, ընդ որում՝ ոչ միշտ հաճելի: Ադրենալինը, որը հայտնի է որպես վտանգի հորմոն, մեր նախնինիներին օգնել է հակազդել վայրի գազանների հարձակումներին:


Ֆիզիոլոգիայի առումով սիրահարվածությունը զարմանալիորեն նման է կենդանական վախին (կամ էլ առնվազն դրա նախնական փուլին): Կարծես թե քո մարմնի համար միևնույնն է՝ ով է նրա առջև' սիրելի էակ, թե ատամները կրճտացնող վագր: Երկու դեպքում էլ արագանում է շնչառությունն ու արյան շրջանառությունը, քրտնարտադրությունը, ողջ օրգանիզմը կենտրոնանում է անհանգստացած օբյեկտի տեսքով: Ապրումների պատճառով կարող է գլխապտույտ առաջանալ, սրտխառնոց, ստամոքսի ցավ:


Որքան էլ ցավալի լինի, սերը միայն հաճույք չի պարգևում: Կոնտիզոլը սովորական կյանքում կարգավորում է ագրեսիան և քնից արթնացումը: Սակայն սիրահարվածության պայմանններում այդ հորմոնը գլյուկոզայի մեծ քանակ է ապահովում՝ օրգանիզմին էներգիայի հզոր ազդակներ տալով: Դրա ազդեցության տակ սիրահարվածը ո՛չ քնել է ուզում, ո՛չ ուտել:


Իսկ դու մտածում էիր, թե ինչու են սիրահարվածները նիհարում: Բացի այդ՝ կոնտիզոլը խթանում է ճարպերի յուրացման պրոցեսը, այդ պատճառով կարող ես նիհարել առանց որևէ սննդակարգի: Եթե ուզում ես նիհարել, ապա սիրահարվի՛ր:


Երկար ժամանակ օրգանիզմում մնալով՝ կոնտրիզոլը թուլացնում է նյարդային համակարգը: Ահա թե ինչու խելահեղ սերը երկար չի տևում՝ իր տեղը զիջելով հանգիստ սիրուն, քանի որ գործում է պաշտպանական մեխանիզմը' թույլ չտալով մեռնել հյուծվածությունից կամ ինֆեկցիայից: Ի դեպ, երջանիկ ընտանեկան զույգերի մոտ կորտիզոլի մակարդակն ավելի ցածր է լինում, քան սովորական մարդկանց մոտ:


Հաճույքի ու սեքսուալ գրգռվածության զգացողություններն առաջացնում է նորադրենալինը: Այդ հորմոն թմրանյութը սկսում է արտադրվել այն ժամանակ, երբ դու տեսնում ես սիրելի մարդուն: Արդեն երկրորդ, երրորդ ժամադրության ժամանակ սկսում ես հարմարվել թեթև արբածության զգացողությանն ու գլխապտույտին: Եվ վերջ, գործը դասավորված է. ինքդ էլ չես հասկանա, թե ինչ ընտրություն կատարեցիր: Ի դեպ, վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ նորադրենալինը օրգանիզմի վրա ունեցած իր ազդեցությամբ հիշեցնում է կոկայինին: Տարբերությունն այն է, որ սիրային կախվածությունը ոչ մեկին չի սպանում:


Սակայն սիրահարվածությունը բերում է ոչ միայն ուրախություն: Տխրությունը, կասկածները, ցրվածությունը սիրահարված մարդու մշտական ուղեկիցներն են և նույնպես հորմանալ բնույթ են կրում: Սերոտոնինի' ուրախության հորմոնի պարունակությունը սիրահարվածների մոտ նորմայից մոտ երկու անգամ պակաս է: Նման ցուցանիշներ նկատվում են հոգեբուժական կլինիկայի որոշ հիվանդների մոտ' «կպչուն մտքերի սինդրոմով»: Իզուր չէ, որ ասում են, թե սերը խելագարություն է, կամ «սիրուց գժվեց…»:


Բայց, լավ է, որ բնականոն կերպով օրգանիզմը փոխհատուցման մեթոդներ ունի: Որպեսզի սերը մահացու տանջանք չդառնա, էնդոկրին համակարգը առաջ է բերում իր ծանր հրետանին' էնդորֆիններ, օկսիտոցին և վազոպրեսին: Էնդորֆիններն արտազատվում են ոչ միայն հանդիպումների ժամանակ, այլև սիրելի էակի մասին մտածելիս: Ազդելով ուղեղում հաճույքի կենտրոնի վրա, էնդոֆինները էյֆորիայի այնպիսի զգացողություններ են առաջացնում, որ այդ ֆոնի վրա վրա սերտոնինի պակասությունը չի զգացվում: Ի տարբերություն կորտիզոլի ու նեդորֆինները այնպիսի էֆեկտ են ապահովում, որոնք կարող են տարիներ տևլ:

 

Բացի հաճույքից, անքնությունից ու քրտնող ափերից, սերը ունի ավելի բարձր դրսևորումներ. հավատարմություն, քնքուշ կապվածություն և հոգևոր միաձուլում: Այդ բոլոր զգացումները ծնում են միամուսնական հորմոններ' օկսիտոցին և վազոպրեսին: Զգացմունքների վրա դրանց ազդեցությունը բացահայտվել է միայն վերջերս: Հատկապես այդ երկու հորմոններն են բանաստեղծների գովերգած բարձր զգացմունքների մեղավորները: