Ավագ լեյտենանտ Վահե Իսպիրյանը «զգուշացրել էր», որ գալիս է խմբագրություն հերքելու իր զորամասի մասին տարածված թյուր կարծիքը: Նա ծառայում է «Եղնիկներ» կոչվող զորամասում: Մարտական հերթապահություն է իրականացնում: Դասակի հրամանատար է:

 

-Ես սիրեցի իմ զորամասը հենց առաջին օրվանից: Ինձ գրկաբաց դիմավորեցին այստեղ ծառայող սպաները: Ուրախ դիմավորեցին, ասես ճանաչում էին ինձ… Ես միանգամից հարազատություն, ջերմություն զգացի…

Այդ առաջին րոպեները շատ կարևոր են նոր զորամաս գործուղված բոլոր սպաների համար, ուր մնաց' նորավարտների… Հիացած նայում էի նրանց, շուրջս… Ամեն քայլափոխի նռան, թզի եւ թթի ծառեր էին, մորու թփեր: «Ահա եւ աշխարհի դրախտային անկյունը»,- մտածեցի ես: Քիչ անց արդեն հրամանատարի՝ Համլետ Սեւոյանի աշխատասենյակում էի: Անկեղծ ասած, ինձ զարմացրեց նրա բարյացակամությունը: Ծառայության հանդեպ դրական տրամադրվածությունը մեծապես պայմանավորված է նաեւ հրամանատարի կերպարով… Նա ինձ անմիջապես հանձնարարություն տվեց՝ յոթ զինվորների հետ կարգի բերել հին գերեզմանատունը: Հավանաբար, փորձեց պարզել, կկարողանա՞մ լեզու գտնել նրանց հետ: Ստացվե՛ց: Լա՛վ էլ ստացվեց: Երեւի այդ օրն էլ հասկացա, որ սպա-զինվոր փոխհարաբերություններում պետք է խստիվ պահպանել ենթակայությունը, բայց եւ հարկ եղած դեպքում կարողանալ զինվորի հետ տխրել, ուրախանել, կարողանալ գնահատել նրան, եւ որ ամենակարեւորն է՝ զրուցել, խոսել նրա հետ…

 

Ես սիրում եմ իմ զորամասը, որովհետեւ սիրում ու հարգում եմ այստեղ ծառայող յուրաքանչյուր սպայի ու զինվորի, հպարտանում եմ նրանցով… Եվ ինչպե՞ս չհպարտանալ… Նրանք ամեն օր ոտքով մեծ ճանապարհ են հաղթահարում հերթափոխը ապահովելու կամ կապի գիծը սպասարկելու համար… Ծառայում են հակառակորդի «քթի տակ»՝ արհամարհելով զրկանքներն ու դժվարությունները: Մեր սպաներից մեկի' մայոր Գոռ Ազլուխանյանի օրինակը բերեմ: Նա կնոջ եւ մեկամյա դստեր հետ ապրում է զորամասի հարեւանությամբ կառուցված կացարանում, ապրում է հեռու քաղաքից ու քաղաքակրթությունից, այստեղ ո՛չ խանութ, ո՛չ հիվանդանոց, ո՛չ էլ խաղահրապարակ կա… Նրանք այնքան հաշտ ու համերաշխ են, այնքան սեր ու հոգատարություն կա նրանց միջեւ: Եվ պատկերացրեք' չեն էլ ուզում տեղափոխվել: Հասկանում եմ նրանց. «Եղնիկներից» հեռանալը դժվար է… Հարություն անունով զինվոր ունեինք, զորացրվելուց մի քանի օր անց նրան նորից հանդիպեցի շարահրապարակում, զարմացա՝ «Ի՞նչ ես անում այս կողմերում»:

Պատասխանեց. «Եկել եմ կարոտս առնելու… Ընկերներիս, հրամանատարներիս, դիրքերը, բնությունը շատ եմ կարոտում»:

 

Շարունակությունն՝ այստեղ