Ես կողմ եմ բարեգործությանը, առանց բարեգործության, առանց բարության, առանց ազնիվ, անշահախնդիր օգնության հնարավոր չէ պատկերացնել կյանքը: Սակայն նույն կյանքը նաև ապացուցում է, որ այդ գործի ազնիվ նվիրյալների կողքին կան բարեգործությունը բիզնես, գործունեություն , ապրուստի միջոց դարձրած տականքներ:
Փորձեք Հանրապետության հրապարակից' Աբովյան-Թումանյան փողոցներով գնալ Օպերա…Ձեզ կհանդիպեն չորս-հինգ խմբեր, որոնք արդեն երկար ժամանակ դրամահավաքությամբ են զբաղվում: Նույն սցենարիստն է, նույն տաղանդավոր ռեժիսորն ու երիտասարդ թատերախմբի <<դերասանները>>…Այդ ամենը ինձ հիշեցնում է Օստապ Բենդերին, Պանիկովսկուն, համանման մյուս հերոսներին…
Տեքստը խմբերի մոտ նույնն է, հիվանդության տեսակն է փոխվում' հաշմանդամների, ուղեղային հիվանդների, քաղցկեղով հիվանդների, հաշմանդամ երեխաների համար…Երբ հեռվից նայում ես այդ խմբերին' ժպտերես զրուցում են, կատակում, սակայն հենց հարմար <<որսը>> մոտենում է, անմիջապես պրոֆեսիոնալ վարպետությամբ կերպարանափոխվում են: Ու կարևորը' համառ, նվիրումով, եռանդով, խղճահարական ձայնով, համապատասխան ինտոնացիայով և կարևորը արևմտահայերենախառն. <<Փարոն թուք քարող եք օգնել?......>>, <<Փարև Ձեզ ….. >>:
Իսկապես որ, իսկական արվեստն անմեռ է և խնամքով փոխանցվում է սերընդե սերունդ…
Եթե հոգուս մեղք եմ վերցնում, ներողություն եմ հայցում, սակայն իմ փորձն այլ բան է ասում…
Ի վերջո պայքարել է պետք այս <<բիզնեսի>> դեմ, մեխանիզմներ է պետք մտածել, սա չարիք է հասարակության համար և կանոնակարգման ու հսկողության կարիք ունի:Եվ ցավոք նմանները վարկաբեկում են նաև բուն բարեգործության գաղափարն առհասարակ…
Ռոբերտ Մելքոնյան