Ռուսական բոլոր առաջատար հեռուստաալիքների քաղաքական հաղորդումների ու թոք շոուների հիմնական թեման տնտեսական ճգնաժամն ու պետական միջոցների արդյունավետ կառավարման եղանակներն են։ Ընդ որում, այդքան էական էլ չէ, թե ինչ են ասում փորձագետները, առավել ևս, որ դրանց մեծ մասը հիմարությունների մեկ, կամ էլ մյուս բևեռից են ու պնդում են, որ այս ճգնաժամաը ոչ մի կերպ Ռուսաստանի վրա չի ազդում ու հեսա Վաշինգտոնն են գրավելու, կամ էլ ընդհակառակը՝ կոչ են անում անել այն, ինչ արեցին 90-ականներին՝ ինչ ունի-չունի Ռուսաստանը, վաճառեն արտասահմանյան ընկերություններին․․․
Սակայն, ինչպես նշեցի, դա այդքան էլ կարևոր չէ մեր համար։ Մեր մասով կարևորություն ունի թերևս այն, որ այնտեղ գոնե քննարկում են ու փորձում են գոնե ուրվագծել ծառացած խնդրի մոտավոր սահմանները, ինչպես նաև գոնե նշմարվում են այդ խնդրի լուծման ողջամիտ տարբերակներ, իսկ մեր մոտ նենց ենք ապրում, ասես Ֆորտ Նոքսի ոսկիները կարապի լճում դրած, մեր համար արխային ապրում ենք։
Ողջամիտ լուծումներից մեկը, որը քննարկվում է Ռուսաստանում և որը նույնքան արդյունավետ կարող է լինել Հայաստանում, դա տարբեր պետական գերատեսչությունների ու պետպաշտոնյաների կողմից արվող անհարկի և շռայլ ծախսերի դեմ պայքարն է։ Պատկերացնո՞ւմ եք, թե մոտավոր ինչ կարգի գումար մեր մի թիքա Հայաստանում կարելի է տնտեսել տարեկան կտրվածքով, եթե վերջապես ինչ որ առողջ տրամաբանություն գործի ծառայողական մեքենաների, պարգևավճարների, բանկետների ու ֆուրշետներ, գնումների, գործուղումների և հուշանվերների ու նվերների ձեռքբերման ոլորտներում։
Ժողովուրդ, էդ միլիոնավոր դոլարների հասնող ծախսեր են, որոնք անկասկած ավելի նպատակային կարող են ծախսվել, առավել ևս, որ մեր տնտեսության ողնաշարը հանդիսացող ռուսաստանյան տրանսֆերտների ծավալը գնալով նվազում է ու հետևաբար նվազում է ազգաբնակչության գնողունակությունն ու բարեկեցությունը։
Կոնստանտին Տեր-Նակալյան