Տրայանոսի մահից հետո Հռոմում կայսերական գահին բազմեց նրա որդեգիրը' ժամանակի նշանավոր գիտնական, բանաստեղծ, տաղանդավոր բնանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ ու երաժիշտ Հադրիանոսը (117-138 թթ.): Նա ծագումով երկրորդ իսպանացին էր հռոմեական գահի վրա (առաջինը' Տրայանոսն էր):

 

Հայտնի էր երկրում իր շրջագայություններով, որի ընթացքում ծանոթանում էր թե' պրովինցիաներին ու այնտեղ առկա խնդիրներին, թե' տեղական ժողովուրդների մշակութային ժառանգությանն ու գիտական նվաճումներին: Նա երկիրը կառավարում էր միանձնյա ու լինելով սարսափելի իշխանատենչ' ձգտում էր ամեն ինչում առաջինը լինել եւ թույլ չտալ, որ որեւէ մեկը, հատկապես պետական կառավարման հարցերում, գերազանցի իրեն:

 

Նոր տիրակալի ռազմական արշավանքները միտված էին ոչ թե երկրի սահմանների ընդլայնմանը, այլ պրովինցիաներում նվաճված ժողովուրդների ապստամբությունների ճնշմանը: Հադրիանոսը գերազանցեց հրեաների դահիճ համարվող իր նախորդին: Արգելեց նրանց ազգային սովորույթները: Թլպատման ծեսի ու շաբաթ օրվան նվիրված ավանդույթի արգելքը հանգեցրեց ժողովրդական խռովությունների: Սակայն, հրեաների ապստամբության հիմնական պատճառը հանդիսացավ Երուսաղեմում հռոմեական գաղութի' «Էլիա Կապիտոլինա» անվամբ հեթանոսական քաղաքի կառուցման վերաբերյալ կայսեր դեկրետը: Ապստամբությունը գլխավորեցին Եղիազարն ու Սիմոնը:

 

Վերջինիս անվանում էին Բար Կոհբա, որը նշանակում է «աստղի որդի»: Մարդիկ համոզված էին, որ նա Մեսիան է' Իսրայելի փրկիչը, ով ազատություն է պարգեւելու իր հայրենիքին: Շարժմանը միացավ նաեւ հրեաների հոգեւոր առաջնորդը:

 

132-135 թթ. ընդգրկող այս ապստամբությունն ի վերջո խեղդվեց արյան մեջ: Մեծ կորուստների գնով հռոմեացիներին հաջողվեց գրավել հրեաների վերջին հենակետ Բեյթարը: Բար Կոհբան սպանվեց: Սկսվեցին աննկարագրելի դաժանությունները խաղաղ բնակչության նկատմամբ. լեգեոներներն ամբողջությամբ հողին հավասարեցրին 50 քաղաք, 1000 գյուղ, ոչնչացրին շուրջ 200.000 հրեա: Երկիրը վերածվեց անապատի: Փախստականներին արգելեցին վեադառնալ հայրենիք: Մարդկանց բռնի ուժով հեռացում էին իրենց բնակավայրերից, մահվան սպառնալիքով հրեաներին արգելեցին տարվա մեջ մեկ անգամից ավել լինել Երուսաղեմում, կամ մոտենալ նրան: Արգելվեց Թորայի ուսումնասիրությունը:

 

Երուսաղեմը վերածվեց հռոմեական գաղութի եւ անվանափոխվեց ու դարձավ «Էլիա Կապիտոլինա»: Հրեաների համար կարեւորագույն սրբավայր հանդիսացող Յահվեի տաճարի տեղում կառուցվեց Յուպիտերի տաճարը, որի ներսում տեղադրվեց նաեւ կայսեր արձանը: Հադրիանոսն ամեն ինչ արեց, որպեսզի ոչնչացնի հրեական ավանդույթն ու դիմադրական ոգին եւ վերջականապես նրանց ենթարկի հռոմեական իշխանությանը: Հուդան կորցրեց իր անկախությունը եւ երկիրը վերածվեց սովորական հռոմեական նահանգի' սիրիապաղեստինյան պրովինցիայի: Մերձավոր Արեւելքում հրեաներն իրենց անկախ պետականությունը վերականգնեցին անկախության կորստից 1800 տարի անց:

Նկարում`
Հադրիանոսի կիսանդրին

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայե՛ր, գիտե՞ք, որ