Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ավարտվեց խմբային փուլի առաջին տուրը:
Անցկացված 16 հանդիպումներից ընդամենն երկուսն ավարտվեցին ոչ-ոքի, որոնցից մեկը՝ գոլազուրկ: Ու տրամաբանական է, որ ութ խմբերից վեցում երկիշխանություն է ու միայն Արգենտինայի ու Բելգիայի հավաքականներն են իրենց խմբերի միանձնյա առաջատարներ:
Տուրի 16 հանդիպումներում խփվել է 49 գնդակ, այսինքն՝ միջին հաշվով մեկ խաղում՝ երեքից ավելի գնդակ: Սա խոսում է առաջնության բարձր արդյունավետության մասին:
Ռմբարկուների ցուցակը միանձնյա գլխավորում է Գերմանիայի հավաքականի հարձակվող Թոմաս Մյուլլերը՝ այս առաջնության առայժմ միակ հեթ-տրիկի հեղինակը:
Երկուական գնդակ խփել են չորս ֆուտբոլիստ՝ հոլանդացիներ Ռոբին վան Պերսին ու Արյեն Ռոբենը, ֆրանսիացի Կարիմ Բենզեման ու բրազիլացի Նեյմարը:
Հիմա՝ մի անձնական դիտարկում:
Առաջին տուրի հանդիպումների տպավորությամբ՝ չեմպիոնական հատկանիշներ տեսել եմ հինգ հավաքականի՝ Բրազիլիայի, Իտալիայի, Արգենտինայի, Գերմանիայի ու Հոլանդիայի մոտ:
Բրազիլիանի պարագայում՝ դա մի փոքր չափազանցված է, որովհետև անցկացված երկու խաղերը վկայում են, որ այս հավաքականում տակտիկական ու ֆունկցիոնալ բազմաթիվ պրոբլեմներ կան:
Արգենտինայի պարագայում պրոբլեմատիկ է այն, որ հավաքականի առաջատար Լիոնել Մեսսին խաղային ճգնաժամի մեջ է՝ չնայած խփած հրաշալի գոլին:
Հոլանդիան ունի լավ թիմ, բայց նրան ավանդաբար դավաճանել է չեմպիոնական ՙբնավորությունը՚:
Գոնե այս պահին, ես ակնհայտ ֆավորիտներ եմ համարում Գերմանիայի ու Իտալիայի հավաքականներին:
Բայց սա ընդամենը նախնական եզրակացություն է:
Սուրեն Սուրենյանց