Ուկրաինայի հարավ-արևելքը, մասնավորապես Դոնեցքն ու Լուգանսկը երեկ վերջապես անցկացրեցին շրջանների ինքնորոշման վերաբերյալ հանրաքվեներ: Շրջաննների համապատասխան մարմիններն արդեն իսկ հայտնել են նախնական արդյունքները, ըստ որոնց ընտրողների ավելի քան 90%-ը (երկու մարզերում էլ) քվեարկել են հօգուտ անկախացման, հետագայում Ռուսաստանին միանալու հեռանկարով: Կիևը բնականաբար դատապարտել է հանրաքվեների անցկացումը և չի ընդունում դրանց լեգիտիմությունը, Արևմուտքից մոտեցումը նույնն է, մինչդեռ Ռուսաստանի մոտեցումն անցկացված հանրաքվեներին միանշանակ չէ և դեպքերի հետագա զարգացման տարբեր սցենարները հիմնականում կախված կլինեն հենց Ռուսաստանի դիրքորոշումից:
Նշենք, որ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Կոմերսանտ» թերթին տված իր հարցազրույցում ասել է, որ նախագահ Պուտինն իր վերաբերմունքը կհայտնի' հիմնվելով հանրաքվեների արդյունքների վրա: Լրագրողի հարցին ի պատասխան, թե կազդի արդյոք Վլադիմիր Պուտինի որոշման վրա այն հանգամանքը, որ նախագահն ինքն էր ավելի վաղ խնդրել «դաշնայնացման կողմնակիցներին» հետաձգել հանրաքվեի անցկացումը, Պեսկովը պատասխանել է շատ կարճ, բայց միևնույն ժամանակ բովանդակալից' «չէր խնդրել, այլ առաջարկել էր»: Վերջինս նաև հավելել է, որ այդ «առաջարկին» հետևելը դժվար էր անգամ Պուտինի հեղինակության առկայության դեպքում, քանի որ Կիևը չէր դադարեցնում լայնամասշտաբ ռազմական գործողություններն այդ շրջանների նկատմամբ:
Այսպիսով Ռուսաստանի տեսանկյունից ստացվում է մոտավորապես այսպես' մենք ցանկանում էինք, որ վերսկսվեր երկխոսությունը Կիևի և հարավ-արևելքի միջև, բայց Կիևը դիմեց հարցերը լուծելու ուժային տարբերակին, իսկ դրան ի պատասխան հարավ-արևելքը ի դեմս Լուգանսկի և Դոնեցքի չհետաձգեցին հանրաքվեների անցկացումը:
Փաստորեն այժմ իրավիճակն այնպիսին է, որ շատ կարճ ժամանակում Ռուսաստանը պետք է հայտնի իր կարծիքը այլևս տեղի ունեցած իրադարձությունների մասին: Թերևս հենց այս կարճ ժամանակահատվածում Ռուսաստանը վերջին անգամ կփորձի Կիևին ու Արևմուտքին դրդել իր հետ համաձայնության, ասել է թե, կա´մ Ուկրաինան դաշնայնացվում է համապատասխան Կրեմլի կողմից նախկինում ներկայացված ծրագրի, որը ներառում է նաև Ուկրաինայի չեզոքության հաստատման և ամրապնդման մասին կետը, կա´մ Ռուսաստանը ճանաչում է Դոնեցքում և Լուգանսկում անցկացված հանրաքվեների լեգիտիմությունը դրանից բխող բոլոր հետևանքներով:
Սպասենք առաջիկայում Ռուսաստանի կողմից ձեռնարկվելիք քայլերին:
Հայկ Թամրազյան