Հայրենական մեծ պատերազմի սիրելի վետերաններ,
սիրելի հայրենակիցներ,
սրտանց շնորհավորում եմ բոլորիս Մեծ հաղթանակի օրվա կապակցությամբ:
Մայիսի 9-ը մեր ժողովրդի համար կրկնակի տոն է, փառավոր հաղթանակների օր: Հայրենական մեծ պատերազմում մեր պապերը կյանքի գնով ապացուցեցին, որ հնարավոր չէ հաղթել հայրենիքը, հարազատ տունն ու օջախը պաշտպանող զինվորին: Հազարամյակների պատմության ընթացքում, Հայկի և Բելի ճակատամարտից մինչև Արցախյան գոյամարտ, մեր ժողովուրդը բազմիցս է ապացուցել, որ ինչքան խաղաղասեր, շինարար ու ստեղծագործ է առօրյա կյանքում, այնքան էլ անողոք է բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կփորձեն խաթարել մեր անդորրը: Դա մեր պապերն ապացուցեցին Մեծ հայրենականի տարիներին, և այս օրը, իրավամբ, դարձավ մեր պապերի փառապանծ հաղթանակի օրը, և մեր ժողովուրդը մեծ սիրով, հարգանքով, նաև խոնարհումով է վերաբերվում այս տոնին:
Մայիսի 9-ը մեզ համար նաև կրկնակի տոն է, քանզի, Մեծ հայրենականում իրենց պապերի տարած հաղթանակով ոգեշնչված, մեր նորօրյա հերոսներ դարձած ազատամարտիկները ևս մեկ հերոսական էջ գրեցին հայ ժողովրդի պատմության մեջ՝ ազատագրելով Արցախ աշխարհի մարգարիտ Շուշին:
Այսօր հաղթանակները հիշելու, հերոսներին փառաբանելու, նաև պատմությունից դասեր քաղելու օր է: Եվ, երախտիքի մեր խոսքն ուղղելով մեր փառահեղ հաղթանակները կերտած հերոսներին ու, խոնարհվելով զոհվածների հիշատակի առջև, այսօր մեր ժողովուրդը յուրովի վերահաստատում է, որ, իսկապես, ոչ ոք ու ոչինչ չի մոռացվել: Հավերժ փառք բոլոր հերոսներին:
Տարոն Մարգարյան