«Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) իր լավագույն օրերը չի ապրում: Մարտի 30-ին Թուրքիայում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից ընդամենը մի քանի շաբաթ առաջ անցկացված սոցհարցումների համաձայն, իշխող կուսակցության վարկանիշը հասել է պատմական մինիմումի' նվազելով մինչ 40%-ի (տվյալները հրապարակել է թուրքական Zaman օրաթերթը): Փորձագետներն այս ամենը կապում են դեռ նախորդ տարի «Գեզի» այգու վերակառուցման շուրջ ծագած քաղաքացիական հասարակության ըմբոստության, ինչպես նաև վերջին շրջանում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակցության և մասնավորապես Էրդողանի շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալի հետ: Այս ֆոնին վարչապեպն իրավիճակը շտկելու փոխարեն, դեռ մի բան էլ ավելի է բարդացնում այն: Ինչպես գիտեք, Էրդողանի ջանքերով մարտի 20-ի երեկոյան Թուրքիայում արգելափակվել է Twitter-ի հասանելությունը։ Թուրքիայում ի դեպ այդ սոցանցից գրացված է շուրջ 12մլն օգտատեր:

Թուրքիայի Վարչապետը, արգելափակելով Twitter սոցիալական ցանկացը, հիմանվորել է դա հետևյալ կերպ. «դա չարիք է Թուրքիայի հասարակության համար»: Բայց «չարիք հասարակության համար» ասելով' Էրդողանը թերևս նկատի է ունեցել չարիք իր համար, քանի որ վերջին շրջանում սոցիալական ցանցերը, և առհասարակ համացանցը աշխատում է ի վնաս իր կուսակցության և հատկապես իր վարկանիշին և իմիջին: Հիշու՞մ եք օրինակ Էրդողաի և իր որդու միջև տեղի ունեցած «մեծ գումարների մասին» խոսակցության ձայնագրությունը, որը ողողել էր ամբողջ համացանցը: Թերևս հիշում եք: Հենց այդ և նամանատիպ այլ պատճառներով Թուրքիայի վարաչպետը որոշեց կտրել «ազատության ձայնը» և հայտնվեց քննադատության թիրախում:

Էրդողանին անխնա սկսեցին քննադատել Թուրքիայի գրեթե բոլոր արևմտյան դաշնակիցները, ԵՄ կառույցները, երկրի ընդդիմությունը, քաղաքացիական հասարակությունը, և նույնիսկ իր կուսակից, ԱԶԿ-ի հիմնադրման ակունքներում կանգնած և ներկայիս վարչապետի պոտենցիալ հետնորդ և ի վերջո երկրի նախագահ Աբդուլա Գյուլը: Սա չափազանց ուշագրավ պահ է: Մինչ այժմ Գյուլը մշտապես գտնվում էր Էրդողանի ստվերում: Բայց հիմա մենք ականատեսն ենք լինում այս գործչի ակտիվացմանը: Թուրքիայում Twitter-ի փակումից ժամեր անց նախագահ Աբդուլլահ Գյուլը, խախտելով դատարանի որոշումը, այլընտանքային ճանապարհով մտել է Twitter, և թողել հետևյալ գրառումը. «սոցկայքերի ամբողջական փակումն ընդունելի չէ։ Հուսով եմ՝ այս սահմանափակումը երկար չի տևի։

Շատերը սա որակում են որպես մարտահրավեր Էրդողանին: Իսկ ոմանք կարծում են, որ Գյուլը պարզապես գնում է այս քայլին, որպեսզի առնվազն կանխի կուսակցության վարկանշի շարունակական անկումը: Ի վերջո Գյուլը միշտ էլ համարվել է ավելի «չափավոր» գործիչ քան Էրդողանը, և նման պայմաններում տեսականորեն կարող է և փոխարինել օր-օրի, թե´ երկրի ներսում, թե´ դրսում, հեղինակազրկվող վարչապետին: Ստեղծված իրավիճակը նաև մեծ փորձություն է վերջինիս համար: Հարց է առաջանում արդյո՞ք Էրդողանը կկարողանա պահպանել իր բացարձակ վերահսկողությունը կառավարության հանդեպ և վերականգնել կուսակցության հեղինակությունը մինչ գալիք ՏԻՄ ընտրություններ: ՏԻՄ ընտրությունները կարևոր են այնքանով, որքանով որ կա´մ կհարթեն, կա´մ էլ բավականին կդժվարացնեն ավելի ուշ տեղի ունցեղ համապետական ընտրությունների համար ճանապարհը ԱԶԿ-ի համար (այս տարի ամռանը նախագահական ընտրություններն են, 2015-ին' խորհրդարանական):

Այժմ շատ հետաքրքիր է հետևել Թուրքիայում ընթացող զարգացումներին: Եթե Գյուլի նման քայլը պայմանավորված է ընկած եզին խփելու հետ, ապա չեմ կարծում, որ Էրդողանը այդպես հեշտությամբ զիջի իր տեղը: Մյուս կողմից, սակայն, դժվար է հասկանալ, թե իշխանության որ մասը որ գործչի կողքը կկանգնի: Էլ չեմ ասում, որ նման պայմաններում կարող են և կակտիվանան նաև մնացած ընդդիմադիր կուսակցությունները' փորձելով քաղաքական դիվիդենտներ շահել ընթացող զարգացումներից: Դժվար է ասել, թե ինչ կլինի այս ամենի վերջում, բայց փաստ է, որ եթե տվյալ քաղաքական ճգնաժամը գնալով ահագնանա, ապա չի բացառվում, որ բանակը, արդեն ավանդույթի համաձայն, միջամտի Թուրքիայի ներքաղաքական կյանքին, և մենք հերթական անգամ այդ երկրում ռազմական հեղարշջման ականատեսը լինենք:

 

 

Հայկ Թամրազյան