Թուրքիայի հարցերով իրանցի փորձագետ Մոհամմադ Ալի Դասթմալին, անդրադառնալով Թուրքիայում ռազմական հեղաշրջման անհաջող փորձին, նշել է հեղաշրջման անհաջողության և տապալման հիմքում ընկած 3 պատճառ, որոնք միևնույն ժամանակ ռազմական հեղաշրջման այս փորձը տարբեր են դարձնում Թուրքիայի պատմության ռազմական հեղաշրջումների մյուս դեպքերից'
- Հեղաշրջման կազմակերպիչները չեն ունեցել Թուրքիայում գործող կուսակցությունների, այդ թվում Էրդողանի և նրա գլխավորած կուսակցության ընդդիմադիրների աջակցությունը:

 

Չեն ունեցել նաև ժողովրդական լայն զանգվածների աջակցությունը: Քաղաքական և հասարակական շրջանակների աջակցության բացակայությունը եղել է հեղաշրջման փորձի տապալման առաջին պատճառը:
- Թուրքիայի 81 նահանգներից հեղաշրջման կազմակերպիչները գործողություններ են իրականացրել միայն երկուսում: Թուրքիայի մնացած 79 նահանգների հետ իրականացված գործողությունները չհամաձայնեցնելը և երկրի մնացած հատվածին հեղաշրջման մեջ չներգրավելը եղել է անհաջողության մատնվելու երկրորդ պատճառը' ըստ Դասթմալիի:

 


- Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը կայացրել է չափազանց ճիշտ որոշում' կոչ անելով ժողովրդին (առնվազն իշխող կուսակցության համախոհներին) արագ դուրս գալ փողոց: Թուրքիայի իշխանությունների այս քայլը հեղաշրջման փորձ իրականացնողներին միանգամից կանգնեցրել է ընտրության առաջ' կամ կրակել ժողովրդի վրա, կամ վայր դնել զենքերը' հեղաշրջման փորձը համարելով ավարտված: Ընտրվել է երկրորդ տարբերակը, և, հետևաբար, հեղաշրջման փորձը մատնվել է անհաջողության:

 

Արտյոմ Տոնոյան