Որքան էլ որ ցավալի է, պետք է ընդունել, որ այսօր Հայաստանը չունի այն ներքին ներուժը (տնտեսական, բարոյական, քաղաքական և այլն) ազատվելու համար ներքին և արտաքին թշնամիներից։ Տարեցտարի ահագնացող արտագաղթը այդ ներուժը ավելի ու ավելի է չեզոքացնելու, որովհետև Հայաստանում մնալու են "հարմարվողները" և նրանք ում "ձեռնտու" է այս վիճակը, իսկ "դժգոհները" պակասելու են։
Ցանկացած տիպի ներքին կոնսոլիդացիա լինելու է լոկալ խնդիրների լուծման միջոց կամ փորձ (գազի, լույսի, տրանսպորտի գնի թանկացում), իսկ առավել մեծ մասշտաբի համախմբումը միջոց է հանդիսանալու "քաղաքական" ներքին վերադասավորումների, որը ըստ էության Հայաստանի, Հայաստանի քաղաքացու, հայ մարդու համար ոչինչ չի փոխելու, քանի որ այդ "փոփոխությունները" միայն կոսմետիկ բնույթ են կրելու և հետապնդելու են որոշ ներքին խմբի նեղ ներխմբային շահ, և ոչ մի դեպքում պետական։
Արտաքին ուժերը, կլինի դա Ռուսաստան թե ԱՄՆ, Եվրոպա թե Իսրաել տարիներ շարունակ ծառայեցնելով Հայկական հարցը իրենց շահերին, բազմիցս ապացուցել են, որ Հայսատանի և հայերի գոյությունը սեփական երկրի շահերից զատ այլ հարթության վրա չի դիտարկվում։ Առավել ևս, առնվազն միամտություն կլինի սպասել և հուսալը, թե մի որևէ երկրի վարչակազմ կարող է փորձել "օգնել" հայ ժողովրդին ի վնաս իր երկրի տնտեսական և քաղաքական շահերի։
Հարկ է փաստել նաև, որ Հայաստանը գտնվելով Ռուսաստանի աշխարհաքաղաքական հետաքրքրությունների գոտում, արդեն իսկ կորցրել է իր ինքնիշխանությունը և այստեղի "ժողովրդավարական" գործընթացները ընթանում եմ մեր "ստրատեգիական գործընկերոջ" խիստ վերահսկողության ներքո և դա հասկանալի է, այդ երկրի շահերը դա են թելադրում։
Ակնհայտ է, որ Մենք և միայն Մենք՝ Հայերս պիտի լուծենք մեր խնդիրները, թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի տարածքից դուրս։ Եվ առավել քան ակնհայտ է, որ այն չի կարող իրագործվել այլ կերպ քան ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՄԲ։
Գարեգին Միսկարյան