Նիկոլ Փաշինյանին եկամուտ ապահովող «Հայկական ժամանակ» թերթն այսօր գրել էր, որ ես զբաղվում եմ Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի PR-ով: Ես չեմ զբաղվում Վլադիմիր Գասպարյանի PR-ով մի պարզ պատճառով. գեներալը դրա կարիքը չունի: Նա իր գործունեությամբ, իր հավատով ու նվիրումով ծառայում է Հայաստանի Հանրապետությանն ու Հայաստանի քաղաքացուն, և նրա ամենալավ գովազդն իր գործունեությունն ու նվիրական աշխատանքն է, որի ուղիղ գնահատականը նա ստանում է և՛ քաղաքացուց, և՛ իշխանություններից:
Ցավում եմ, որ Նիկոլ Փաշինյանն իր թերթը վերածել է քաղաքական և անձնական պատվերներ կատարելու գործիքի, իսկ ինչպես գիտենք՝ գործիքները նաև ժանգոտում են և դառնում ոչ պիտանելի: Նիկոլի թերթը գնում է այդ ճանապարհով: Եթե Փաշինյանն իրեն սատարած Լևոն Տեր-Պետրոսյանին, Վանո Սիրադեղյանին կարող է ուրանալ և աշխատել նրանց դեմ, ապա Վլադիմիր Գասպարյանը այդ թվում չի կարող բացառություն լինել, ինչը խոսում է Նիկոլի մարդկային բնութագրի մասին, որին ես չեմ ուզում անդրադառնալ: Այդ հոդվածում տեղ գտած մյուս փաստերը Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի հրամանատար Արշակ Հակոբյանի և իր խորհրդական Նարեկ Մալյանի մասին ևս չեն համապատասխանում իրականությանը, և այստեղ ևս Նիկոլի սկզբունքային ու շատ ընդդիմադիր գլխի հետևում երևում են ոչ այնքան սկզբունքային և իշխանական մեծ ականջներ: Ականջներ, որոնք ցանկության դեպքում կարելի է տեսնել: Ցավում եմ, որ Նիկոլի թերթը ինֆորմացիա է տպում՝ հիմնվելով ակտիվիստների մեջ օլիգախների խաղերը խաղացող «ակտիվիստների» ինֆորմացիաների հիման վրա:
Հարգելի՛ Նիկոլ, Հայաստանը շատ փոքր է և կեղծ ու ստահոդ լուրերը շատ արագ պարզվում և իրենց արժանի տեղն են գրավում մեր բոլորի մտքերում: Կարելի է շատ ավելի պարզ, ազնիվ և սկզբունքային լինել:
Հ.Գ. Հայաստանյան գրեթե բոլոր լրատվական միջոցները դրական քողի ներքո են լուսաբանում Վլադիմիր Գասպարյանի գործունեությունը, քանզի ոստիկանապետն աշխատում է ի շահ պետության, բայց կան մի քանի պատվերներ կատարող լրատվամիջոցներ, որոնց հետ շփվելու իմաստ չկա, քանզի նրանց համար բնության մեջ կա մեկ գույն՝ դա դոլարի կանաչն է, և մեկ կենդանի. իրենք գիտեն, թե որ կենդանու մասին է խոսքը:
Մենուա Հարությունյան