Ոնց հասկանում եմ' ռուսներն էդպես էլ մի կարեւոր բան չեն կարողանում ըմբռնել: Նրանք ամեն իրավիճակում պայքարում են արեւմտյան ազդեցության ու դավադրությունների դեմ: Որոշ դեպքերում դա իրական է, որոշ դեպքերում՝ չափազանցված: Բայց այդ մաքուր գեոպոլիտիկ հայացքը նրանց խանգարում է որպես ինքնուրույն (այլ ոչ միայն մանիպուլյացիոն) գործոն տեսնել եւ հաշվի առնել ազգային ինքնությունը, ազգային-ազատագրական հարացույցը, որն ուժի մեջ է մնում առնվազն Արեւելյան Եվրոպայում: Սա Ուկրաինայի օրինակով հերթական ու շատ ցցուն կերպով երեւաց: Ռուսներին թվում էր, թե իրենք պայքարում են ինչ-որ «գրանտակերների», «գոմիկների» ու միջազգային «փուսի ռայոթսի» դեմ: Բայց իրենց դեմ կանգնած էին պինդ, հողային, կռվող, խաչակնքվող, աղոթող, արաղը սալով «զակուսկի անող» ազգայնական տղերքը, որոնց համար ազգ, հայրենիք, հավատք բառերը դեռ իրական էություններ են: Սա հետարդիական կառնավալ չէր: Ազգի, հայրենիքի, հավատքի, դրոշի, ազատության համար մարդիկ արյուն են թափում, մեռնում են: Ռուսները դա չեն ուզում հասկանալ, որովհետեւ կայսրության տեսակետից ազգայինն ընդամենը տեղական կոլորիտ է կամ էլ օտար կայսրության կողմից հովանավորվող դավադրություն: Իսկ ազգայնականությունն ինքնուրույն գործոն է, իրական է, էություն է: Իհարկե, կա եւ հակառակ կողմը. միջազգային կեղծ-առաջադիմական (իրականում առաջադիմությունը կապ չունի հետարդիության ու կառնավալիզմի հետ) ինտերնացիոնալը փորձում է իր հագով անել ուկրաինացի ազգային տղերքի հաղթանակը: Փորձում է անտեսել, աչք փակել իր եւ տղերքի անդնդային տարբերության վրա: Բայց տղերքը միայն հեգնանքով ժպտում են: Կառնավալի իդեալների համար չի մեռնում ոչ ոք, նույնիսկ՝ կառնավալիստը:
Բարեւներ ուկրաինացի տղերքին: Թեեւ իրենց հայացքներից շատերը չեմ կիսում, բայց սիրում եմ ամեն ինչի իսկականը, առանցք, «հա-ու-չէ» ունեցողը, դրոշի համար պայքարողը:
Հրանտ Տեր-Աբրահամյան