Ես չեմ դիտել այդ ֆիլմը եւ չեմ պատրաստվում քննարկել Լարս ֆոն Թրիերին, որն ի դեպ իմ կուռքը չէ: Սակայն մշայույթի որեւե երեւույթի արգելքը նշանակում է իրականում, որ արգելողները ոչ թե ֆիլմ, կամ գիրք կամ կտավ են արգելում, այլ արգելում ու սահմանափակում են հենց այն մարդկանց, այն ազգն ու հասարակությունը, որին իբրեւ թե "պաշտպանում են" այդ ֆիլմից, գրքից, գաղափարից: Այսինքն արգելողներն արհամարհում ու մերժում են ուրիշների մտավոր ունակությունները, հոգեւոր հասունությունը, քաղաքացիական պատասխանատվությունը: Արգելելու իշխանություն ունեցողները չեն վստահում ազգին, ժողովրդին, հասարակությանը: Ճիշտ այնպես, ինչպես չեն վստահում, օրինակ, ընտրությունների ժամանակ' ահա ինչու են կեղծում ընտրությունները կաշառքով, ուժով, լցոնումներով: Այսինքն նրանք արգելում են մեր ընտրության իրավունքն ու ազատությունը' թե քաղաքական, թե գեղագիտական: Եւ սա է իրական պոռնոգրաֆիան, այլ ոչ թե Լարս ֆոն Թրերի "Նիմֆոմանուհին":

 


Ես չեմ էլ ուզում հիշեցնել կեղծավոր գողերին ու մարդասպաններին Քրիստոսի առաջարկը քար նետել պոռնիկի վրա, որից հետո փարիսեացիներն անգամ ամաչեցին ու հեռացան: Սրանք չեն ամաչի, ինչպես չեն ամաչել կրակելուց սեփական ժողովրդի վրա վեց տարի առաջ: Ես միայն կհիշեմ, թե ինչպես 1989 թվականին կինո "Ռոսիայի" լցված դահլիճում ցուցադրվում էր ճապոնացի Նագասի Օշիմայի "Զգացմունքների կայսրություն" անչափ անզուսպ կինոնկարը եւ այն տարիների հայ հասարակությունն ու նրա վերնախավը շատ ավելի հասուն ու հանդուրժող էին քան այսօրվա գավառական տգետները: Ինչպիսի անկում ու հետընթաց... Ես ինքս "արգելված" տասնյակ ֆիլմերի հեղինակ եմ, որոնք չեն ցուցադրվում հեռուստատեսությամբ ու կինոթատրոններում, թեեւ նկարահանում եմ մեր պատմության ու մշակույթի մասին, սակայն դա էլ է վտանգավոր ու արգելված իշխող տականքների համար, ինչպես ամեն մի ազատություն' մտքի, հոգու կամ մարմնի: Ազատություն կամեցող ազգի համար չկա այլ ելք բացի ազատագրումից:

 

 

Տիգրան Խզմալյան