Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սամվել Լիմինդրիչ Ալեքսանյանն օլիգարխ չէ, Քրիստոսից հետո երկրորդ մարդը և «Ոսկե Ծիրանի» Բարերարության ասպետը նաև ՀՀ գլխավոր հրշեջն է և ԱԻՆ իրական ղեկավարը։ Հիմա ո՞վ կհամարձակվի կասկածել, որ նա իսկապես գեներալ Մանվելի զորքում Արցախում էլ էր կռվում, ինչպես պատմում էր լրագրողներին։ Ոչ, չի կարելի չարախնդալ իրական դժբախտության վրա. մարդը խոշոր վնաս է կրում և փորձում է պաշտպանել իր գույքը։ Միայն թե հրդեհ հանգցնելու, ջուր հասցնելու, մարդկանց տարհանելու, գույքը փրկելու հարցերով պետք է զբաղվեն մասնագետները, այլ ոչ թե սեփականատերը, անգամ խոշոր։ Իսկ եթե շենքի կառուցմամբ, դրա հակահրդեհային անվտանգությամբ, աղետի դեպքում ջրագծերի անցկացմամբ էլ զբաղվեին մասնագետները, այլ ոչ թե՝ գրպանը կաշառք դնող ու աչք փակող ճորտերը, միգուցե հրդեհն էլ կհանգցվեր ներսի ավտոմատ սարքերով, որոնք պարտադիր պետք է լինեն ամեն մի նման շինությունում, այլ ոչ թե՝ լճից բերված ցիստերներով․․․
Ժամանակին Ծածկած շուկան փորձելով պաշտպանել «Սիթի» դառնալուց՝ ես անձամբ ասում էի Ալեքսանյանի նուքերներին, որ նրանք ոչ միայն քաղաքի հիշողությունն են ավիրում, այլ նաև թալակ են սարքում, քանի որ շուկան ուներ չորս ելք ու մուտք, իսկ սրանք, կեղծ հարկ ավելացնելով ներսում ու քանդելով ետևի պատը, թողել են միայն մեկ վթարային ելք՝ նեղ ավտոմատիկ դռներով․․․
Գոնե այս ամենից հետո ԱԻՆ-ը պետք է որ ստուգի Ծածկած շուկայի և այլ նման «օբյեկտների» անվտանգությունը։ Աշնանը դժբախտ պատահարներին ավելանալու են հանցավոր դիվերսիաներ»: