Պատերազմից հետո սովորաբար խաղաղություն է գալիս: Սակայն Արցախյան պատերազմը 1994-ին ընդհատվեց զինադադարով: Ու քանի որ այս զինադադարը պարբերաբար խաղտվում է նորանոր սահմանային բախումներով ու սպանություններով, պետք չէ խաբենք ինքներս մեզ' այս պատերազմը չի ավարտվել: Հունվարի 20-ի գիշերը մեզ բոլորիս կրկին հիշեցրեց դա:
Ազերի դիվերսիոն խմբի դեմ անհավասար մարտի մեջ մտած ու զոհված Արմեն Հովհաննիսյանը այս սողացող պատերազմի հերթական զոհն էր: Եւ ոչ վերջինը: Իսկ եթե մենք որպես ազգ, որպես պետություն շարունակում ենք գտնվել չհայտարարված ու նաեւ չավարտված պատերազմի պայմաններում, եկեք հարցնենք ինքներս մեզ' ինչպես է ընթանում այս պատերազմը? Ի տարբերություն 90-ական թվականների այսօր առաջին գծի խրամատներում Հայրենիքը պաշտպանում են ոչ թե Արցախի գյուղացիները, երեվանցի ու բեյրութցի կամավորները, ապարանցի ու հրազդանցի ազատամարտիկները, այլ 18-20 տարեկան երիտասարդ զինվորները, երեկվա դպրոցականները, համարյա երեխաներ: Ի տարբերություն 90-ականների' հրամանատարների զգալի մասը ոչ թե կիսում է իրենց զինվորների հետ բոլոր զրկանքները, հացն ու ջուրը, կյանքն ու մահը, ինչպես ընտանիքի հայրերը զավակների հետ, այլ վերաբերվում են նրանց իբրեւ ճորտերի, աշխատուժի, եկամուտների աղբյուրի... Ի տարբերություն 90-ականների' զենքի պակաս, կարծես չկա' Ռուսաստանն լիուբոլ զինում է եւ հայերին, եւ թուրքերին, փայփայելով երկու կողմերի կախվածությունը: Սակայն այստեղ սկսվում են նաեւ տարբերությունները: Եւ այդ տարբերությունները սարսափելի ակնհայտությամբ երեվացին հունվարի 20-ի գիշերը:
Քչերը նկատեցին լրատվական հոսքի մեջ, որ կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանից բացի եւ նրանից մի քանի րոպե առաջ նույն դիրքում ազերիների կրակոցից ընդհատվեց եւս մի կյանք: Կարող է թվալ, որ դրա մասին անհարմար էլ է խոսել' սպանվեց ընթամենը մի շուն, քոթոթ, որին հայ զինվորները կերակրում ու պահում էին խրամատում որեւե զինվորական ու պատերազմական կանոններից դուրս: Եւ հենց այդ շանը սկզբից սպանեց խլացուցիչ հրացանով զինված ազերի դիպուկահարը, եւ հենց սպանված շանը քիչ անց նկատելով թշնամու գրոհի մասին գլխի ընկավ կրտսեր սերժանտ Հավհաննիսյանն ու հասցրեց դիրքավորվել ու կրակն իր վրա ընդունեց, փրկելով տասնյակ հայ զինվորների կյանքը:
Կհարցնեք' շունն այստեղ ինչ կապ ունի? Կապ, իսկապես, չունի, շունը կապված էլ չեր: Հարցրեք ավելի լավ' ինչու եւ ինչպես գիշերվա մթին ազերի դիվերսանտները գրոհից առաջ սպանեցին այդ շանը: Պատասխանը պարզ է: Սպանեցին, որպեսզի շունը մոտեցող թշնամու վրա չհաչա ու չխանգառի նրանց հարձակմանը: Չէ, որ հենց այդ նպատակով էին շանը առաջին գծի խրամատում պահել երիտասարդ հայ զինվորները, քանզի ավելի վստահելի ու արդիական միջոց մոտեցող թշնամուն հայտնաբերելու համար նրանք չունեին: Չունենք մենք արեւելյան սահմանի խրամատներում գիշերային հեռադիտման օպտիկական սարքեր, էլեկտրոնային վերահսկողության համակարգ, բարձր լարման տակ անցնող փշալարեր, ջերմային ինֆրա-կարմիր ճառագայթման սկզբունքով գործող հետախուզման սարքավորումներ' այն ամենը, ինչով պետք է օժտված լինի պատերազմող երկրի սահմանը եւ ինչով, ինչպես պարզվեց, զինված են ազերի ասքյարները, որոնք հեռավոր տարածությունից արդեն կարողացել էին գիշերային հատուկ հեռադիտակներով նկատել եւ դիպուկահարի կրակոցով չեզոքացնել անգամ շանը հայկական դիրքերում:
Այդ շունն էր, որ պիտի փոխարիներ հայ զինվորի ու երկրի սահմանը պահպանող ողջ այս բարդ արդիական զինանոցը: Իսկ երբ ոչնչացվեց նաեւ այդ փխրուն ու քոթոթ պահակը, մնաց միայն հայ զինվորի ոգին, հոգին ու մարմինը: Մնաց Արմեն Հովհաննիսյանի երիտասարդ կյանքը, որը հերթական անգամ ծածկեց, ինչպես թշնամու գնդացիրն են մարմնով փակում, մեր ողջ պետական համակարքի թշվառությունը: Ինչու չկան սահմանի վրա կռվող տղաների մոտ բոլոր այդ սարքերը, զենքն ու զրահը, որ պաշտպանվեն հայրենիքի պաշտպանները? Աղքատ է մեր երկիրը? Աղքատ է մեր բանակը? Դատելով իշխանավորների ու զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների մեքենաներից ու դղյակներից ' դժվար է դրան հավատալ: Ինչու է 19-ամյա տղայի մարմնով ծածկվում այն բացը, այն ծակը, այն անդունդը, որի մեջ անհայտանում են երկրի ու ժողովրդի հարստություններն ու փողերը եւ որի միջից մեզ պարբերաբար այցելում է մահը' դագաղներում տուն բերելով մեր տղաներին? Որտեղ են բոլոր այդ տեսախցիկները, ռադարները, ջերմահեռադիտակները, գիշերային օպտիկական սարքերը, որ պետք է հսկեն, դիտարկեն, հուշեն, օգնեն, փրկեն մեր տղաների կյանքը? Չգիտեք? Ինչպես թե չգիտեք? Դուք ամեն օր, ամեն քայլափոխին տեսնում եք այդ բարդ ու թանկարժեք սարքերը, ռադարները, տեսախցիկները:
Ավելի ճիշտ նրանք են տեսնում ձեզ, նկարահանում ու ֆիքսում ամեն մեր քայլը, ամեն մի շարժումը: Ահա դրանք' արագաչափերը, ավտոկայանման տեղերի հսկիչ տեսախցիկները, որոշ մասնավոր անձանց անհատական անվտանգության հեռուսատահամակարգերը: Դրանք բոլորն այստեղ են, աշխատում են, օրնիբուն հսկում ու պատժում են գլխավոր թշնամուն' հայ ժողովրդին, որը պետք է մշտապես վճարի, մուծվի, կողոպտվի, թալանվի, ամեն քայլափոխին, ամեն շարժման համար, անգամ կանգնած վիճակում' կարմիր գծերով, կարմիր լույսերով, կարմիր բերետներով: Իսկ փողը, տուգանքը, տոկոսը, հարկը, վարկը, տույժը' հոսում է տերերի գրպանը:
Մի քանի տերեիր մի քանի գրպանը: 70%' պաշտոնական տվյալներով: Իսկ մնացածը, ասում են, մտնում է պետական բյուջե, որտեղից արդեն բաշխվում է տարբեր անհրաժեշտ ու խիստ կարեւոր նպատակներով: Օրինակ, երկու բիոզուգարան գնելու նպատակով' շուրջ 300,000 դոլոր արժողությամբ: Նոր թանկարժեք ծառայողական ավտոմեքենաներ գնելու նպատակով, ամեն մեկը ծուրջ 100,000 դոլար արժողությամբ: Պաշտոնյաների ու պատգամավորների աշխատավարձի նոր բարձրացման նպատակով' 2-3 հազար դոլար յուրաքանչյուրին, այսինքն երկրում միջին աշխատավարձի տասնապատիկը: Դե ստվերային եկամուտները, չհարկվող բիզնեսը, թալանն ու կաշառքը չեն քննարկվում: Այսպես որ կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը եւ նրա քոթոթ շնիկը հունվարի 20-ի գիշերը փրկվելու որեւե հնարավորություն չունեին:
Նրանց կյանքը պահպանող բոլոր տեխնիկական միջոցները դրսի թշնամու դեմ ստեղծված ռազմաճակատից վաղուց արդեն տեղափոխվել են ներքին ռազմաճակատ, ներքին թշնամուն վերահսկելու, պատժելու ու ոչնչացնելու նպատակով: Այդ ներքին թշնամին' դու էս, հայ ժողովուրդ: Ով է մղում պատերազմը քո դեմ, դու գիտես: Գիտես, թե ով է քեզ թշնամի ու ավար համարում, ստրուկ ու համբալ անվանում, գիտես թե ում են պատկանում եւ ում են պաշտպանում, ում են ծառայում եւ ում են հարստացնում այս բոլոր արագաչափերը, ջրաչափերը, գազի հաշվիչները, ռադարները, տեսախցիկները, իրենց հեռուստատեսությունն ու ոստիկանությունը, դատախազությունն ու մկների ազգային ժողովը: Դու հասկանում ես այդ ամենը: Դու հասկանում ես նաեւ, թե ով է իրականում սպանել կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին եւ նրա քոթոթ շանը: Եվ տասնյակ այլ տղաներին, ովքեր զոհվել են ու դեռեւս կզոհվեն այս չհայտարարված պատերազմում: Պատերազմը վաղուց արդեն սահմաններից տեղափոխվել է երկրի ներսը, այն մեր շուրջն է, մեր փողոցներում, այն արդեն թակում է մեր դուռը: Ինքապաշտպանություն, քաղաքացիներ:
Տիգրան Խզմալյան