ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Անվտանգության խորհրդի անդամների հետ հունվարի 20-ին քննարկել է Բաղդադի պնդումներն այն մասին, որ Սաուդյան Արաբիան ֆինանսավորում է Իրաքում գործող ահաբեկիչներին: Նման քննարկումը կարող է դիտարկվել իբրև Արևմուտքի կողմից Սաուդյան միապետության հանդեպ վստահության նվազման ցուցիչ և Էլ Ռիադին պատժելու քայլ:
Ավելի վաղ իրաքյան հեռուստաալիքը հաղորդել էր, որ Իրաքի վարչապետ Նուրի Ալ-Մալիքին Բաղդադում օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ ապացույցներ է ներկայացրել, ըստ որոնց' Սաուդյան Արաբիան և մի շարք այլ երկրներ կանգնած են Իրաքի Անբար մարզում վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունների հետևում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքիի հետ Բաղդադում կայացած հանդիպումից հետո հայտարարել է, թե ի գիտություն է ընդունել իրաքյան իշխանությունների տրամադրած տեղեկատվությունը, համաձայն որի՝ Սաուդյան Արաբիան զգալի օժանդակություն է ցուցաբերում «Իրաքի և Շամի Իսլամական Պետություն» ահաբեկչական կազմակերպությանը, և որ խնդիրը կքննարկվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների նիստում: Իր հերթին, ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչը Անվտանգության խորհրդին ուղղված պաշտոնական նամակով մեղադրեց Սաուդյան վարչակարգին միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարման և համաշխարհային ահաբեկչությանն օժանդակելու համար' պահանջելով լուրջ միջոցներ ձեռնարկել այդ պետության դեմ:
Առաջին հայացքից թվում է, թե Բաղդադը և Դամասկոսը ՄԱԿ-ի մակարդակով սկսում են մի յուրատեսակ քարոզարշավ Էլ-Ռիադի դեմ, և չի բացառվում, որ դրա համակարգումը կամ ուղղորդումը իրականացնում է Թեհրանը. Սիրիայի և Իրաքի բողոքներից ընդամենը մի քանի օր առաջ Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի խոսնակը հայտարարեց, որ հենց Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի մյուս միապետությունների նավթադոլարներն են հայտնվում Իրաքում, Սիրիայում և Լիբանանում գործող սալաֆիական ահաբեկիչների գրպանում: Մինչդեռ վերջին մի քանի ամիսների զարգացումները ցույց են տալիս, թե Արևմուտքում այնքան էլ գոհ չեն իրենց տարածաշրջանային գործընկերոջից, որը անկանխատեսելի գործելաոճով փորձում է ցուցադրել իր քաղաքական ուղեգծի անկախությունը:
շարունակությունն` այստեղ
ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԵՍՅԱՆ