Մյուսին' Բորխեսին է ամեն ինչ պատահում: Ես քայլում եմ Բուենոս Այրեսի փողոցներով և կանգ եմ առնում, գուցե արդեն մեքենայաբար, ինչ-որ միջանցքի կամարն ու դուռը դիտելու.
24
Բորխեսից լուրեր եմ ստանում փոստի միջոցով և նրա անունը կարդում պրոֆեսորների եռյակի ցուցակում կամ կենսագրական բառարանի էջերում: Սիրում եմ ավազե ժամացույցները, քարտեզները, 18-րդ դարի տեղեկագրությունը, ստուգաբանությունները, սուրճի համը, Ստիվենսոնի արձակը. մյուսն էլ նույն նախասիրություններն ունի, բայց այնպես է պարծենում դրանցով, որ այդ նախասիրությունները դառնում են դերասանի հատկանիշներ:
Չափազանցություն կլիներ ասել, թե մեր հարաբերությունները թշնամական են. ես ապրում եմ, ես ինձ թույլ եմ տալիս ապրել, որպեսզի Բորխեսը հյուսի իր գրականությունը, և այդ գրականությունն արդարացնում է ինձ: Հաճույքով խոստովանում եմ, թե մի քանի էջեր հաջողվել են, սակայն այդ էջերը չեն կարող ինձ փրկել, գուցեև այն պատճառով, որ դրանց մեջ լավագույնը պարտական է լեզվին կամ ավանդությանը: Բացի այդ, իմ ճակատագիրը վերջնականապես կործանվելն է, և ինձնից միայն մասնիկներ են գոյատևելու: Իհարկե ինձ հայտնի է նրա կեղծելու և վեհացնելու չարակամ սովորությունը, սակայն կամաց – կամաց նրան ամեն ինչ տրվում է: Սպինոզան ասում էր, թե ամեն ինչ ուզում է իր իսկ գոյությամբ պահպանվել. քարը հավերժորեն ուզում է քար լինել, վագրը' վագր:
Ես պետք է Բորխես լինեմ և ոչ թե ես ինքս( եթե իհարկե ես ինչ-որ մեկն եմ), սակայն ես ինքս ինձ ավելի քիչ եմ ճանաչում նրա գրքերում կամ ինձ կարող եմ ճանաչել այլ գրքերում կամ ինչ-որ կիթառի երաժշտության մեջ: Տարիներ առաջ ես փորձեցի նրանից ձերբազատվել և, մի կողմ թողնելով արվարձանների առասպելը' ժամանակի և անսահմանի մասին խաղեր պետք է հորինեմ:
Եվ այդպես, ողջ կյանքս փախուստ է և կորցնում եմ ամեն ինչ, և ամեն ինչ մոռացում է կամ էլ պատկանում է նրան' մյուսին:
Իրականում չգիտեմ, թե մեզնից որն է գրում այս էջը:
© Թարգմանությունը ' Հովհաննես Բոդուկյանի