...ժամանակը հոսող գետ է, որը տանում է ինձ, բայց ես կամ հենց այդ գետը, այդ վագրը, որն ինձ մասերի է բաժանում... բայց ես կամ հենց այդ վագրը...այդ կրակը, որն այրում է ինձ... բայց ես կամ հենց այդ կրակը... աշխարհը, ցավոք, իրական է... ես, ցավոք, Բորխեսն եմ...
Բորխեսը ծնվել է 1899 թվականի օգոստոսի 24-ին միջին խավին պատկանող ընտանիքում։ 9 տարեկան հասակում իսպաներեն է թարգմանել Օսկար Ուայլդի «Երջանիկ արքայազնը» ստեղծագործությունը, որը լույս է տեսել տեղական ամսագրերից մեկում։ Գրողի ընկերները կարծում էին, որ ստեղծագործության իրական թարգմանիչը Բորխեսի հայրն է եղել։
1921 թվականին սկսել է հրատարակել իր բանաստեղծությունները և էսսեները սյուրռեալիստական բնույթի ամսագրերում։ 1955 թ. Բորխեսը նշանակվել է Բուենոս Այրեսի Ազգային գրադարանի տնօրեն, ինչպես նաև սկսել է գրականության վերաբերյալ դասախոսություններ կարդալ Բուենոս Այրեսի համալսարանում։ 1971 թ. ստացել է Երուսաղեմի անվան մրցանակ։ Բորխեսի ստեղծագործությունները թարգմանվել և տպագրվել են ԱՄՆ-ի և Եվրոպայի մի շարք երկրներում։
1967 թվականին Բորխեսը ամուսնացել է Էլզա Աստետ Միլանի հետ։ Զույգի ամուսնական կյանքը տևեց ընդամնեը 3 տարի։ Օրինական ամուսնալուծությունից հետո Բորխեսը տեղափոխվել է մոր մոտ և ապրել վերջինիս կողքին մինչ նրա մահը։
1975 թվականից սկսած՝ արգենտինացի գրողը ճանապարհորդել է տարբեր երկրներով մեկ։ Ճանապարհորդության ողջ ընթացքում գրողին ուղեկցել է իր անձնական օգնական Մարիա Կադոման, որի հետ էլ ամուսնացել է իր մահվանից մի քանի ամիս առաջ։
Բորխեսի՝ արգենտինական մշակույթի նկատմամբ ունեցած հակումը հիմնականում կապված է նրա ընտանեկան տոհմածառի հետ։ Գրողի' ծնունդով անգլիացի տատը ամուսնացել է արգենտինացի Ֆրանչեսկո Բորխեսի հետ, որը պատմական մեծ դեր է ունեցել քաղաքացիական պատերազմներում, որոնց արդյունքում էլ Արգենտինան և Ուրուգվայը ճանաչվել են որպես անկախ պետություններ։
«Կիրք Բուենոս Այրեսի հանդեպ» վերնագրով բանաստեղծությունների ժողովածուն համարվում է Բորխեսի առաջին գիրքը, որը լույս է տեսել 1923 թվականին։ Նրա ստեղծագործությունների զգալի մասը նվիրված է արգենտինական մշակույթին («Տանգոյի պատմությունը»), ինչպես նաև գրականությանը («Արգենտինացի գրողը և ավանդույթը»)։
Երկու արքաներն ու երկու լաբիրինթոսները
Վստահության արժանի մարդիկ են պատմում (թեև Ալլահն ավելին գիտե), թե Բաբելոնի կղզիներում առաջին օրերին եղել է մի թագավոր, որ կանչել է իր բոլոր մոգերին ու ճարտարապետներին և կառուցել այնքան նրբամիտ ու այնքան վարանամիտ մի լաբիրինթոս, ուր ոտք դնել չէին համարձակվում անգամ ամենախոհեմ կտրիճները, իսկ մտնողները կորչում էին։ Այդ կառույցը խայտառակություն էր, քանի որ շփոթությունն ու չնաշխարհիկը Աստծուն և ոչ թե մարդկանց վայել արարքներ են։
Ժամանակի ընթացքում արքունիք այցելեց մի արաբ թագավոր, և Բաբելոնի թագավորը (ծաղրելով հյուրի միամտությունը) նրան մտցրեց լաբիրինթոս, որտեղ նա անարգված ու շփոթված թափառեց մինչև երեկո։ Այդ ժամանակ թագավորն աստվածային օգնություն խնդրեց և գտավ դուռը։ Ոչ մի բողոք չարտահայտեցին շուրթերը, բայց Բաբելոնի թագավորին ասաց, թե ինքն Արաբիայում ունի առավել ճարտար լաբիրինթոս, և, եթե Աստված կամենա, մի օր ցույց կտա։ Հետո վերադարձավ Արաբիա, հավաքեց իր զորավարներին և այնպիսի հաջողությամբ ջախջախեց Բաբելոնի թագավորությունը, որ կործանեց պալատները, կոտորեց մարդկանց և գերեվարեց թագավորին։
Նրան կապեց արագավազ ուղտի վրա և տարավ անապատ։ Երեք օր ճանապարհ գնալուց հետո ասաց.
-Օհ, թագավոր ժամանակի, նյութ ու թիվ դարերի, աստիճաններով, դռներով ու պատերով կառուցված մի բրոնզե լաբիրինթոսում էիր ուզում ինձ կորցնել, հիմա Ամենակարողը պարգևել է իմը քեզ ցույց տալ, ուր ոչ բարձրանալու աստիճաններ կան, ոչ բացելու դռներ, ոչ էլ ճանապարհդ կտրող պատեր։
Հետո կապերն արձակեց և թողեց անապատում, ուր նա սոված ու ծարավ մեռավ։
Աստծո փառքը Նրան, ով չի մեռնում։
ԱՊՐԵԼՈՎ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՆԵՐՔՈ
Սա սերն է: Ես պետք է թաքնվեմ և կամ փախչեմ:
Նրա բանտի պատերը բարձրանում են, ինչպես սարսափելի երազում: Գեղեցկության
դիմակը փոխվեց, բայց, ինչպես միշտ, միակը մնաց: Այդ ի՞նչ
ծառայություն այժմ պիտի ինձ մատուցեն թալիսմանները այս. գիտական պարապմունքները, այս մեծ
էրուդիցիան, իմացությունը այն բառերի, որոնցով խստամբեր Հյուսիսը
իր ծովերն ու դրոշներն է երգել, խաղաղ բարեկամությունը, իմ մոր
սերը դեռատի, մարտական ստվերները մեռյալների, անժամանակ գիշերները և
բույրը երազի:
Լինել քեզ հետ կամ չլինել քեզ հետ – ահա չափը իմ ժամանակի:
Սափորը արդեն շնչահեղձ է լինում աղբյուրի տակ, մարդը արդեն բարձրանում է
Թռչունի ձայնի հնչյունին, բոլոր նրանք, ովքեր նայում էին պատուհանից, արդեն կուրացան,
Սակայն խավարը հաշտեցում չբերեց:
Ես գիտեմ, դա – սերն է. տանջալից թախիծ և թեթևացում,
որ ես լսում եմ ձայնդ. սպասում և հիշողություն, ապրելը շարունակելու սարսափ:
Դա սերն է իր միֆերով, իր մանր և անօգուտ հրաշքներով,
ահա այն անկյունը, ուր ես չեմ հանդգնում մտնել:
Ինձ են մոտենում զինված հորդաները:
(Բնակության այս վայրը անիրական է, և ում սիրում ես – չի նկատում այն):
Ինձ մատնում է կնոջ անունը:
Իմ ողջ մարմնում կինն է ցավի պես նվում:
Մարինա Գևորգյան