- Ի՞նչ ես պեղել քո ապրած կյանքից ամենից շատ,- հարցրեց Խորխե Լուիս Բորխեսը Էդգար Պոյին:
- Հարցականը... - պատասխանեց Պոն և մտավ աղջամուղջի մեջ:
- Քո բազմաթիվ տառապանքներից, ցավերից ու սերերից, անկումներից ու նսեմացումներից ելնելով' ի՞նչ հիմնական հետևության ես հասել,- հարցրեց Բորխեսը Դոստոևսկուն:
- Աստված,- մռլտաց Ֆյոդոր Դոստոևսկին:
- Ո՞րն է քո ամենաընդհանուր և վերջնական տպավորությունը մարդկային հասարակությունից,- հարցրեց Սվիֆտին:
- Կեղտ... կեղտ... կեղտ...- մաղձոտ փրթփրթաց անգլիացին:
- Դու ի՞նչ տեսար երկնքում և երկրի վրա,- հարցն ուղղեց Իբն Խազմիրին:
- Հավերժություն... - կոպերը չբարձրացնելով ասաց արաբ իմաստունը:
- Դու՞ ինչ կասես, հարբեցող,- հարցրեց Օմար Խայամին:- Աշխարհն ինչ ձև ուներ գինու քո սափորի հատակին:
- Ոչնչի,- ասաց Խայամը:
- Աստծու ու սատանայի արանքում հազարավոր աստիճաններին ոտք դնելուց հետո որի՞ վրա կանգ առար,- հարցրեց Տոլստոյին:
- Բարու,- մրթմրթաց Տոլստոյը:
- Իննսուն կոկիկ և ուրախ տարիներիդ մեջ ի՞նչ գտար,- հարցրեց Շոուին:
- Պարադոքս,- ասաց Շոուն:
- Լինելիության գերակա իմաստը հայտնաբերեցի՞ր վերջապես,- հարցրեց Կազանովային:
- Պահն է,- ասաց արծվաքիթ իտալացին և աչքով արեց:
Բորխեսը վերցրեց բոլորի եզրակացությունները և իր եզրակացությունները ձևակերպեց:
- Դա ուրիշի կյանքն է,- կշտամբեց Ափդայքը' ժամանակակից ամերիկացին:- Դա ուրիշի փորձն է, ուրիշի մանրամասները, ուրիշի ընդհանրացումները:
- Ես ավելի մեծ ընդհանրացումներ եմ ուզում անել: Ժամանակ չունեմ կյանքեր ապրելու: Ես ևս հավաքում եմ մանրամասներ: Իմ մանրամասները նրանց ընդհանրացումներն են: Ինձ թվում է' չեն նեղանա...