Իմ սերնդակիցները, ովքեր ծնվել են Խորհրդային միության գոյության վերջին տարիներին, հայտնվել են մի անհասկանալի իրավիճակում, երբ ընդամենը երկու տասնյակ տարիների ընթացքում ականատես են եղել սկզբում միությունների քննադատությանը, բարձրակոչ ճառերին, միությունները դիտարկելով որպես ազգային ինքնության, անկախ պետականության, կայուն ընտանիքի և առհասարակ անհատի վրա կործանարար ազդեցություն ունեցող երևույթի, կրել են անկախության համար մեզ պարտադրված պատերազմը, հետագա զրկանքներն ու տառապանքները, և երբ արդեն անկախության ու ինքնության գաղափարներով տոգորված պատրաստվում ենք ձևավորել մեր կյանքը այդ սկզբունքների հիման վրա, այժմ գովերգվում են նոր միությունների մեջ մտնելու գաղափարները. ուղղակի վեճ կա, թե որ միությունն է ավելի լավը: Մեր սերունդն այս հարցում առայժմ որևէ դերակատարում չունի, մեր մանկության միությունը խաղաղ էր, անամպ ու մեզ թվում էր' երջանիկ: Անկախության հետևանքներն ու զրկանքները տարանք պատվով, այն հավատով, որ գոնե մեր սերունդներին թողնելու ենք հզոր հայրենիք ու պայծառ ապագա: Նոր միության տեսլականը անորոշ է: Իսկ մեր փոխարեն այդ ամենը որոշում են այլոք:

Այժմ ազգային ինքնության, ընտանիքի կայունության և առհասարակ անհատի իրավունքների մասին: Այն, ինչով ապրում էին մեր հայրերն ու մայրերը, մեզնից առաջ սերունդը, հասկանալի է. ես ունեմ հայր, մայր, քույր և եղբայր: Հետո պարզվեց, որ անհրաժեշտ է տղամարդկանց ու կանանց իրավահավասարություն, որ կանայք էլ տղամարդկանց նման ամեն ինչում պետք է հավասարապես ընդգրկված լինեն: Մենք, հատկապես կանայք, մի տեսակ ուրախացանք: Առաջ քաշվեց նաև անհատի իրավունքի պաշտպանության խնդիրը: Դարձյալ ուրախացանք: Եվ ի՞նչ եք կարծում մինչև ո՞ւր: Մինչև այնտեղ, ուր հիմա ընդունված է ասել սկսվում է ԳԵՆԴԵՐԱՅԻՆ քաղաքականությունը (Ընդհանուր գլոբալիզացիայի դրսևորումներից մեկը): Պարզվում է, այլևս ոչինչ արժեք չէ՝ ո´չ ազգային ինքնությունը, ո´չ հայրենիքը, ո´չ բարոյական արժեքները, ո´չ հավատը, առավել ևս՝ ոչ էլ սեռը: Անհատը ինքը իրավասու է որոշել իր ով լինելը՝ թե´ սեռական, թե´ բոլոր մյուս առումներով: Է՛լ ինչ կանանց ու տղամարդկանց հավասարություն, երբ պարզվում է, որ մարդը միաժամանակ կարող է լինել թե´ կին, թե´ տղամարդ: Պարզվում է, ամեն մի առաջընթաց քայլ հետընթաց է դեպի նախամարդը, ուր չկար ո´չ ազգային, ո´չ սեռային, ո´չ կրոնական, ո´չ իրավական, ասում են նաև՝ ոչ էլ ազգակցական խնդիր: Ո՞ւր ենք գնում, ո՞ւր եք տանում մեր սերնդին: Ժամանակն է որ մենք ինքներս ձեռնամուխ լինենք մեզ վերաբերող հարցերի քննությանը: Վաղը շատ ուշ կլինի:

Այժմ Ձեզ՝ մեր փոխարեն որոշումներ կայացնող պարոնայք երդվյալ ատենակալներ: Հիշե´ք, վաղը, երբ որևէ հայ տղամարդու մայր հայհոյեն, պետք չէ զայրանալ կամ ըմբոստանալ, ինչպես ընդունված է հայ իրականության մեջ, այլ պետք է մի պահ կանգ առնել, մտորել՝ գուցե նրան, ում հայհոյել են, արդեն իր մայրը չէ, այլ մեկ ուրիշի հայրն է, հայհոյողն էլ այլևս տղա չէ, այլ արդեն աղջիկ է, իսկ ինքն էլ արդեն հայ տղամարդ չէ, այլ մեկ ուրիշի կինն է: Սթափվե´ք, պարոնա´յք երդվյալ ատենակալներ, այլապես վաղը հենց Ձեզ է սպառնալու այս իրավիճակը:
Իսկ իմ սերնդակիցներին առաջարկում եմ անպայման անդրադառնալ այս թեմաներին, և մենք ինքներս որոշենք, թե ինչ ենք ուզում՝ ազգային ինքնություն, անկախ ու հզոր պետականություն, կայուն հայ ընտանիք, արժանապատիվ քաղաքացի, անհատ՝ իր անհատականությամբ, հոգևոր արժեքներով, իր հավատով ու սիրով, թե մեկ այլ բան:

Հասկանա´նք մենք գործիք ենք այլոց ձեռքին, թե գործոն:

Սա դեռ սկիզբն է, պարոնա´յք երդվյալ ատենակալներ՚:

 

 

Բարի´ լույս, Արարա´տ:

Ժաննա Ծառուկյան