Այնքան էին վարժվել իրար, որ մեկը մյուսի աչքերին չնայելու ելքն էին գտել: Պահարանում փնտրած փողկապը չէին գտնում երկուսն էլ, որովհետև իրականում հարկավոր չէր: Պատուհանը բաց էր լինում միայն ցերեկով: Մութը նայում էր կնոջ գեղեցիկ աչքերին ու մոգական հայացքով ստիպում նրան հուզմունքից քրտնած ափով սեղմել ապակին: Փոքրուց այդպիսին էր, միշտ ապակին էր հրում, որպեսզի սառնությունը հովացնի ափերի ջերմությունը՝ ախտ հիշեցնող տաքը: Երբեմն բաց գիրքը ծնկներին՝ նայում էր հակառակ ուղղությամբ ու մոռանում, որ արդեն երեկոն թմրած թևերով գրկում է նրա մի ոտնաչափ աշխարհը: Ստվերները սողոսկում էին բաց պատուհանից ներս, գալարվում պատերին ու ծնկում նրա ոտքերի տակ: Արագ վեր էր թռչում, բոբիկ ոտքերով վազում դեպի պատուհանն ու նույն անփույթ շարժումով հրում ապակիները, շրխկոցով փակում փեղկերը: Ետ չէր նայում, որովհետև գիտեր, որ այնտեղ արդեն խլվլում են իր վախերը: Իսկ դրանք այնքան շատ էին, որ արդեն մարմին ունեին: Բայց ամենաանտանելին շնչառությունն էր ու մութ գույնի աչքերը: Դեմքը դատարկ էր, միայն աչքեր կային ու կիսախուփ բիբերից նայող սարսափ: Մի պահ կարելի էր ձևացնել, թե պարզապես պատուհանից դուրս է նայում, բայց իրականում սրտխփոցն էր հանգստացնում, պտտվում էր կրունկների վրա ու ետ գալիս դեպի հատակը: Միշտ այդ պահին ուզում էր կատու ունենալ ոտքերի տակ, որ նրան քսվելով, խուսափի ստվերին դիպչել: Շատ էին վարժվել իրար, բայց իրականում վախենում էին միմյանց աչքերի նայել: Կինը անուն ուներ, բայց դա կարևոր չէ, կարևորը երակներով անցնող սարսափն էր: Ու կարևոր էլ չէր, որտեղից էր թափ առել վախն ու հոսել դեպի սիրտը: Միայն հեռվից եկող մշուշոտ լույսերն էին, խլացած ճիչերն ու պատերին լղոզված բորբոսահոտը: Կարևորն այն էր, թե մինչև ուր է այդ ստվերը ուղեկցելու կնոջը: Մի փիլիսոփա մի օր կգտնի այս դեպքի բանալին ու կբացատրի բոլորին, որ նա պարզապես վախենում էր: Իրականում վարժվել էին այնքան, որ այդ երեկո կինը բազկաթոռի մեջ կուչ գալու փոխարեն մոտեցավ փողկապը կորցրած պահարանին: Ոտնաթաթերի վրա ձգվեց, ձեռքերը տարավ պահարանի գլուխը դարսված փոշու կույտերի մեջ: Այնտեղ շախմատի տուփն էր, հարթ երեսին՝ փոշոտ բողոք: Գալիքը եկել էր: Կինը վերցրեց տուփը, հաստլիկ շուրթերով փչեց փոշին՝ մտքում խնդմնդալով ստվերի երեսին փոշի փչելու ակնկալիքով: Հանկարծ հիշեց, որ ստվերը գրկել էր իր թևատակերից ու հիմա դեռ օղակի մեջ է պահում տաք մարմինը: Գեղեցիկ էր շախմատի տուփը ու պարգևատրվեց դրա համար: Կինն արդեն նստել էր բազկաթոռին, բայց դրա փափուկ գրկում ծվարելու փոխարեն եզրին էր թառել՝ տաք մատներով կառչելով տուփից: Վախը նույնպես խոնարհվեց տուփի վրա, աչքերի հետաքրքրությունը թափեց փայտին: Ծանոթ պահ է, երբ սարսափն ու փայտը բախվում են ու սկսում են ելք փնտրել: Այնքան կտրուկ բացեց տուփը, որ ներսում խլվլացող խաղաքարերը ցնցվեցին, ու դրանցից մեկը գլորվեց մահճակալի տակ: Հայացքը արագ հետևեց դրան, բայց միտքը մի պահ զարմացավ, որ սենյակում դեռ մահճակալ կա: Վախեցավ չոքել, ձեռքը տանել մութ անորոշության մեջ: Փոքրիկ ափերով հանեց քարերը, լցրեց ծնկին բազմած տուփի հակառակ երեսին ու սկսեց դասավորել՝ շախմատային կանոններին համաձայն: Երբ արդեն շարվել էին բոլոր քարերը, բացի մեկից, նա դանդաղ բարձրացրեց գլուխը, նայեց ստվերի դեմքին ու ժպտաց: Աչքերից գլորվեցին սարսափը քանդող արցունքները: Փոշոտ մատներով նա արագ սրբեց աչքերը ու տեսավ, որ ստվերն էլ է ժպտում: Նրանք այնքան էին վարժվել իրար, որ մեկը մյուսի դեմքին չնայելու համար ելք էին գտել: Խաղը հետաքրքիր էր, հատկապես, երբ քարերից մեկը միշտ պակասում էր: Բայց ումն էր, այդպես էլ չիմացան, որովհետև իրականում ուշադրություն չէին դարձրել, թե ով որ գույնով է խաղում: Իսկ առավոտյան նորից երկուսով նույն փողկապն էին փնտրելու… չէին գտնելու:
Նազիկ Հակոբյան