Այսօր ու վաղը Սոչիում տեղի են ունենալու Պուտին-Ալիև, Պուտին-Սարգսյան երկկողմ ու գուցե երեք նախագահների եռակողմ հանդիպումները:


Այս հանդիպումների նկատմամբ մեր հասարակության վերաբերմունքը հակասական է:


Մի կողմից՝ հույս կա, որ դրանք կնպաստեն հայ-ադրբեջանական վերջին օրերի լարվածության թուլացմանը, մյուս կողմից՝ վտանգ, որ այդ հանդիպումներում առանցքայինը Ղարաբաղի հարցը չէ ու ավելին՝ Ղարաբաղը կարող է շահարկման ու առևտրի թեմա դառնալ հատկապես Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ:
Վլադիմիր Պուտինի իշխանությունը, որը միջազգային հանրության աչքերում այս օրերին մարմնավորում է ՙՙչարիքի կայսրության՚՚ վերածնունդը, Սոչիում փորձելու է երկու խնդիր լուծել:


Կարճաժամկետ խնդիրը ՙՙխաղաղարարի՚՚ կառուցողական իմիջի ձևավորումն է. Պուտինին պետք է ցույց տալ, որ ինքն ոչ միայն առանց դատի մարդկանց գնդակահարող Դոնբասի անջատողականների, Մերձդնեստրի, Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի չճանաչված ու կոռումպացված ռեժիմների, այլ նաև՝ հայ-ադրբեջանական հրադադարի հովանավորն է:


Սա PR-ի տեսանկյունից, բայց Կրեմլն ունի նաև երկարաժամկետ ծրագիր, որի շրջանակներում Հայաստանը այլևս կորցրել է սուբեկտայնությունը, ավելի կոնկրետ Պուտինը Սոչի է գալիս ՙՙբարաթով՚՚՝ Հայաստանի եվրասիականությունը հաստատող ռուսական որոշմամբ, ու այս առումով Սարգսյանից նոր ակնկալիք չունի ու պետք է փորձի Ալիևին համոզել, որ Ղարաբաղի խնդիրը լավագույնս կարող է լուծվել եվրասիականության շրջանակում:


Եթե Բաքուն որոշի մասնակիցը դառնալ Պուտինի նեոկայսերական նախագծերին, ապա զիջում է պահանջելու ոչ թե Սերժ Սարգսյանից, այլ հենց Պուտինից, որին մերոնք հոժարակամ զիջել են մեր ինքնիշխանության զգալի մասը:


Բայց եթե նույնիսկ ռուս-ադրբեջանական գործարքը դավադրությունների տեսության շարքից է ու չկայանա, ապա Կրեմլի կողմից մյուս համանախագահների դուրսմղումն ոչնչով չի նպաստում հակամարտության վերջնական կարգավորմանն, այլ հակառակը՝ տարածաշրջանուն գեներացնում է շահերի բախում՝ դրանից բխող հետևանքներով:

 

 


Սուրեն Սուրենյանց