Ըստ ավանդության Սարգիսը՝ Զաքարեի եւ Իվանեի հայրը, կոչվել է նաեւ «ջուջա պապ», որովհետեւ գաճաճ է եղել: Հայտնի է եղել իր արտակարգ քաջությամբ: Մի անգամ վրաց արքան նրան պատգամավոր է ուղարկում Զելի սուլթանշահի մոտ: Սուլթանը նայում է նրա կարճ հասակին եւ արհամարհանքով ասում. «Ձեր երկրում մարդ չկար, որ քեզ ուղարկեցին»: «Մարդը մարդկանց մոտ, ինձ էլ քեզ մոտ ուղարկեցին»,_ պատասխանում է Սարգիսը: Պատասխանը սուլթանին դուր չի գալիս, ուստի կամենալով ծաղրել նրան՝ հրամայում է մածուն հյուրասիրել, որպեսզի երկար մորուքն ու բեղերը մածնոտի: Սարգիսը նախապես բեղ-մորուքին մեղր է քսում եւ առանց մածնի մեջ ձգելու վայելում: Զելին ճանապարհ է դնում նրան, հետեւից հինգ ձիավոր ուղարկում, որ սպանեն: Սարգիսն այդ հինգ ասկյարներին ուղարկում է ալլահի գիրկը: Լավ իմանալով, որ մահափորձի հեղինակը սուլթանն է եւ մոտ լինելով սահմանին, նա այնուամենայնիվ որոշում է վերադառնալ Զելիի արքունիքը: «Երկիրդ շատ անապահով է, ամեն քայլափոխի ավազակներ են շրջում, ինձ պահապաններ տուր, անունս էլ գլխավոր մատյանում գրի, որ եթե մի բան պատահի, դու լինես պատասխանատուն»: Զելին հրամայում է հերոսին ապահով հասցնել մինչեւ սահման:

ՀԳ-1185թ. Սարգիս Զաքարյանը Վրաստանի Թամար թագուհու հրամանով ստացավ ամիրսպասալարի՝ սպարապետի պաշտոնը: Նա Զաքարյան տոհմի բարձրացման ու զորեղացման գլխավոր նախաձեռնողն էր: Նրա որդիներին՝ Զաքարեին եւ Իվանեին հաջողվեց սելջուկներից ազատագրել Հյուսիս-արեւելյան Հայաստանը եւ հիմնել Զաքարյան իշխանապետություն: