Հետաքրքիր փաստ է, բայց որքան մարդկանց կյանքը ավելի է հեշտանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմամբ, այնքան ավելի է ծուլանում մարդը: Հիմա ցանկացած ինֆորմացիա կարելի է ստանալ հաշված վայրկյանների ընթացքում գօօգլի կամ այլ որոնողական համակարգի միջոցով: Դա մի կողմից հեշտացնում է մեր կյանքը, բայց մեդալը նաև հակառակ կողմ ունի:
Մենք չափից դուրս ծուլացել ենք, կորցրել հավեսը գիրք կարդալու, տարբեր առարկաների միջոցով աշխարհը ճանաչելու նկատմամբ: Հիշում եմ, մանկությանս տարիներին, երբ մի ինչ-որ երևույթի վերաբերյալ տեղեկություն էր հարկավոր, լուսահոգի տատս անմիջապես պահարանից հանում էր հաստափոր "Большая советская энциклопедия" գիրքը ու սկսում փորփրել: Այն ժամանակ դա ինձ ահավոր տաղտկալի էր թվում, բայց հիմա հասկանում եմ, որ այդ տաղտկալի թվացող փնտրտուքները շատ լավ մարզանք էին ուղեղի համար: Առաջ, մինչև բջջային հեռախոսների մասսայականացումը, մարդիկ ավելի պատասխանատու էին. պայմանավորվում էիր, ուրեմն պետք է չուշանայիր, իսկ հանդիպումը հետաձգելու մասին խոսք անգամ չէր գնում: Հիմա հնարավոր է մեկ զանգի միջոցով "ապե, ես մի տաս րոպե կուշանամ" ասել, ու հարցը լուծված է:
Օրինակները բազմաթիվ են, իսկ հետևությունները' ոչ այնքան ուրախալի: Մարդկանց չնչին ջանքերով հնարավորինս մեծ արդյունքի հասնելու մոլուցքը շատ վնասակար է: Ասածս կոնկրետ մի անձի չի վերաբերվում. խնդիրը ավելի գլոբալ է: Երևի պետք է ներքին քարոզչության հիմնական դրույթներից մեկը դարձնել գիրք կարդալը, բայց ոչ "միայն ուղտը գիրք չի կարդում" անբովանդակ ու անմակարդակ պաստառների միջոցով: Ամեն ինչ պետք է սկսել դպրոցից, այլապես գալիք սերունդների ներկայացուցիչները իրենց գլխում ուղեղների փոխարեն մի փոքրիկ սմարքֆոն կունենան:
Սարգիս Ասատրյան