Տեղի է ունեցել անցյալում չտեսնված մի երեւույթ,-աշխարհը հանկարծ լայնացել, մեծացել է եւ նրա հետ միասին ինքը՝ բովանդակ մարդկային կյանքը: Դարերով բացակա երկրագունգը կանգնել է մարդկանց առջեւ իր ամբողջ հասակով։ -«Ահա եկել եմ ձեր աչքերի խորությունը չափելու համար, ահա եկել եմ»... Եվ հորիզոնները ետ են քաշվել, լեռները մոտեցել են, եւ հեռավոր տափաստանները մեկ մեկի բարեւ են ղրկում, կենդանի, թրթռացող, բնական մարդկային ձայնով:
Կյանքը համաշխարհային տեմպ է ընդգրկել:
Հասարակ անհատի լինելիությունը այլեւս պարունակում է ամբողջ մոլորակը: Ամեն մարդ՝ ուզի թե չուզի, խորապես ենթարկված է համայն իրականության ռիթմական լուծին: Այն, ինչ որ ենթադրում էինք մեզանից դուրս, մեր եսի մյուս ծովափին, մեր երեւակայության աղոտ սահմանների ծայրին, իրականի մեջ հոսում է, մեր արյունի տրոփող երաժշտականության հետ, խուժում է մեր անհատականության մրափող ծալքերից ներս եւ արթնացնում է այնպիսի ուժեր, որոնց մասին չէինք իսկ երազում:
Դա է անշուշտ պատճառը, ուրիշ, ոչ նվազ նշանակալից մի երեւույթի, այն, որ ժամանակակից մարդկային անհատը՝ նույնպես հանկարծ լայնացած, մեծացած՝ առասպելական հավատք է տածում դեպի իր ստեղծագործական ուժերը: Նրա շունչը կրկնապատկվել է, աչքերը խորացել են, բազուկները երկարել: Այդ անուրանալի փաստ է, բայց փաստ է նաեւ այն, որ նա չգիտե ինչպե՛ս գործածել ուժերի այդ առատությունը եւ ի՛նչ ուղղություն տալ իր հարբեցուցիչ եւ եռուն թափին:
Այդ է իր ողբերգությունը:
Տերը նյութական աշխարհի, տերը բոլոր առարկաների, նա տերը չի իր սեփական անձի: Իրերի այս արարիչը, շաղախի, քարի, պողպատի այս հզոր կերպավորողը, մեծ այս կառուցողը, իրականում, հոգեպես ստրուկ է: Իր սեփական ձեռքերով ստեղծած հարստությունների մեջ նա իրեն զգում է կորած եւ լքված: Նա հարուստ է գիտություններով, օժտված է տեխնիկական չտեսնված միջոցներով, եւ սակայն, աշխարհը նրա աչքերի ետև տառապում է ավելի, քան այն շրջաններում, որոնք եղած են եւ որոնք չպիտի վերաղառնան:
Մարդկային անհատը, չնայած իր հսկա եւ գեղեցիկ ճիգին՝ վերջնականապես նվաճած բովանդակ երկրագունդը, իրեն զգում է դժբախտ, անմխիթարորեն միայնակ, շղթայված այս մոլորակի մի ծայրում: Նա գիտակցում է, որ հին կյանքը ոչ թե երևութապես, այլ իրապես մեռած է, որ իրերի մոտեցման հին ձևերը այլեւս չեն համապատասխանում լինելիության նոր թափին, որ ավանդական ոգիները քաշվել են, խավարը եւ տիեզերքի հետ հաստատված modus vivendi-ները այլեւս անարժեք են:
Կանգ առնելու և մտածելու ժամանակ էլ չկա: Պատմության եղանակները գործում են առանց դադարի, կյանքը հոսում է իր եզերքներից դուրս, եւ մենք, որ ուզում ենք կաշկանդել ամեն ինչ, մեզ զգում ենք կաշկանդված մեծ մի խաղ կերտող քաոսի խավարում:
Այս է այն, ինչ որ անվանում ենք ժամանակակից տագնապը: