Հիսուսը հակահրեան է:
Ան ներքին վսեմ փոխակերպությունն է, ադամանդյա հոգին, ժայռ մըն է ան՝ ընդմիշտ հրկիզված, օվկիանոս մը ոգեղենությամբ հարբած:
Հիսուս, միևնույն ատեն, բացարձակն է և մասնավորը, շարժումն իսկ է ան, վասն զի ան միշտ, առանց հոգնելու կը քալե:
Հիսուսը ըմբռնելու համար պետք է տառապիլ անոր անձին հետ, պետք է ամուսնանալ անոր խորին պայքարին հետ, մաքրամաքուր աչքով պետք է նայիլ անոր վրա և ընդունիլ ոչ թե այն, զոր ըսավ, այլ այն, զոր ապրեցավ ըսելու համար:

Ցավով ըսենք՝ Հայ Հոգվույն մեջ տվայտանք չկա:
Այս ժողովուրդը, որ ապրած է հարյուր հազար Գողգոթաներ հարյուր հազար Հիսուսներու, այս ժողովուրդը ապրած չէ երբեք ներքին, բարոյական Գողգոթա մը: Ուշագրավ է կրոնական տագնապներու փնտռումներու պակասը մեր մեջ. ուշագրավ է նաև պակասը առաքելության և արիականության գիտակցության:
Հոն, ուր չկա հոգեկան խորին կյանք, մտածումներու բուռն պայքար, անիծյալ հարցերու անխուսափելի մրճահարումը՝ հոն արվեստ չի կրնար ըլլալ:
Արվեստը միսթիք արյունի հրճվանքն է. հրճվանքն է նաև բախտավոր տեսիլքներու:
Վերքերուն սրտին մեջ անհրաժեշտորեն պիտի ծնի նշանաբանը, թե չէ՝ անէությունը կը կլանե զմեզ:
Ձյունը և Արյունը ստեղծագործության կեդրոնն իսկ են, վասն զի առաջինը նշանաբանն է անարատության, իսկ երկրորդը նշանաբանն է անարատության, իսկ երկրորդը նշանաբանն է զգայավառության գինիին:
Հիսուս մանուկ էր և ձյուն, և զգայավառություն էր ան, վասնզի կը թրթռար հրկիզված ծաղիկի թերթի մը նման:
Եվ ահա ինչու՛ համար զայն պետք է դասավորել ամենամեծ արվեստագետներու շարքին մեջ:
Բարոյագետները, փիլիսոփաները, ընկերաբանները դյուրին կերպով կարող են ըմբռնել Սուրբ Պողոսը, օրինակի համար, բայց Հիսուսը՝ երբեք: Զայն կարելի է հասկանալ միմիայն գեղագիտական համակրանքով, արվեստագետին հատուկ թափանցումով: Անոր հղացումը բանաստեղծական է. ան գույն է, երաժշտություն, գիծեր:

Ամբողջությամբ կարդացեք ԱՆԴԻՆ ամսագրի 10-րդ համարում