Բազմաթիվ ժամանակակից պամություններում նշվում է, որ 1307թ. հոկտեմբերի 13-ին, որը եղել է ուրբաթ օր, Ֆիլիպ 4-րդ Գեղեցիկ թագավորը ձերբակալել և մահապատժի է ենթարկել Տամպլիեր ասպետների մեծ մասին։ Հենց այդ իրադարձությունն էլ սկիզբ է դրել անհաջողություն բերող «ուրբաթ 13-ի» պատմությանը։
Պատմականորեն 13-ը համարվել է անհաջող թիվ և անվանվել «սատանայական դյուժին»։ Շատ ազգերի մոտ, հատկապես՝ անգլիական, գերմանական և լեհական մշակույթներում, «ուրբաթ 13»-ը համարվում է անհաջող օր: Թվի նկատմամբ վախն ունի բավականին հին արմատներ։ Հավատալիքների համաձայն՝ նման օրերին 12 վհուկներ խրախճանքի են հավաքվում, ամենաթեժ պահին, որպես տասներեքերորդ, հայտնվում է Սատանան։ Աստվածաշնչյան տեքստերի որոշ մեկնաբաններ համոզված են, որ հենց նման օր են Եվան ու Ադամը համտեսել արգելված պտուղը։

 

Բացի այդ, «ամենասև» ուրբաթ օրը Կայենը սպանել է իր եղբայր Աբելին։ Այսպիսով, հասկանալի է դառնում «սատանայական դյուժինի» նկատմամբ վախը, որը գիտականորեն կոչվում է «տրիսկայդեկաֆոբիա», տարածված է հիմնականում քրիստոնեական մշակույթ ունեցող երկրներում։ Մարդկության շրջանում տարածված կարծիք կա, որ «ուրբաթ 13-ին» խաչվել է նաև Հիսուսը:
Շաբաթվա հինգերորդ օրը՝ ուրբաթը, եթե նույնիսկ չի համընկնում ամսվա 13-րդ օրվա հետ, միևնույն է համարվում է անհաջող, սակայն այս երկու սնահավատությունների մեջ որևէ կապ չկա։
Պատմաբանները համարում են, որ ուրբաթ 13-ը համեմատաբար նոր սնահավատություն է և առաջացել է երկու անհաջող նշանների' 13-ի ու ուրբաթ օրվա համադրումից: Այս երևույթն առաջին անգամ նկարագրվել է 1869-ին, իտալացի կոմպոզիտոր Ռոսսինիի կենսագրության մեջ:

 


Սնահավատությունն այնքան ուժեղ է տարածվել որոշ երկրներում, որ վերածվել է առանձին ֆոբիայի: Ըստ որոշ տվյալների' ԱՄՆ-ն նման օրերին կրում է մոտ 800-900 մլն դոլարի կորուստ, քանի որ բնակչության ճնշող մեծամասնությունը նախընտրում է մնալ տանն ու ոչ մի տեղ (անգամ խանութ) դուրս չգալ: Շատ հիվանդանոցներ ու շենքեր չունեն 13-րդ հարկ կամ 13 համարի սենյակ: Նման «մանրուքներից» կարելի է եզրակացնել, թե տվյալ երկիրը որքանով է հակված այս սնահավատությանը: Ամերիկյան նավատորմն այս վախը հաղթահարելու նպատակով նավերից մեկի անունը դրեց «Ուրբաթ 13» (նավն իր առաջին ուղևորության ժամանակ խորտակվեց և անհետ կորեց):
Հանուն արդարության պետք է ասել, որ ժամանակակից աշխարհը փորձեր է կատարում «13» թվի նկատմամբ նման կանխակալ և բացասական վերաբերմունքի դեմ պայքարելու համար: Առաջին հերթին, այն փաստը, որ Խորհրդավոր ընթրիքի ժամանակ սեղանի շուրջ 13 մարդ է եղել՝ 12 առաքյալներն ու Հիսուս Քրիստոսը, արդեն իսկ խոսուն է: Բացառված չէ, որ հատկապես դրա հետ է կապված այն սնահավատությունը, որ եթե մի սեղանի շուրջ 13 մարդ հավաքվի, ապա նրանցից մեկը կմահանա տարվա ընթացքում: Գոյություն է ունեցել «տասնչորսերորդ հյուրի» մասնագիտություն, որին հանդիպման են հրավիրել, որպեսզի խուսափեն անհաջող թվից: 13 թվի բացասական ընկալումը նույնիսկ արտացոլվել է արևմտյան աստղաբանության, ինչպես նաև՝ գուշակության մեջ: Օրինակ, Տարո խաղաքարտերում 13 թիվը «մահ» է խորհրդանշում:
ՀԳ. Ֆիդել Կաստրոն ծնվել 1926 թվականին օգոստոսի 13-ին, ուրբաթ օրը:

 

Արմեն Պետրոսյան