Երբ սարի վրայից, են բարձր ծերին, մի հատ մեծ քարի վրա նստում էս, ու նայում էս: Սկզբում նայում էս երկնքին, դեղնած ու կարմիր, բայց մայր մտնողին արևին:

Նայում էս լույսի ու խավարի մենամարտին, որտեղ արևը զիջում է խավարին: Մի քիչ իջեցնում էս գլուխդ ու պարզ երևում է արոտից տուն իջնող տավարը: Կովերն են, մի քանի շուն, ձին՝ ձիու վրա նախրապանը, հըըռը, հըըռը անելով ճիպոտի տակ ա գցում են կովերին, որ մի քիչ ոտները կախ են գցում, ինչ ա թե մի երկու կտոր խոտ ավել ծամեն…

Չոբանը ճիպոտի տակ ա գցում մեկ էլ են կովերին, որ գլուխները թեքում են գետը, էդ գետից փորձում են իրենց փայ ջուրը վերցնեն: Չոբանն էլ հոգնած է, ինքն էլ կուզի բոլորի կովերը տուն հասցնելուց հետո, հագից հանի կիռզվի սապոգներն ու մի աման մածուն ուտի, մի թաս քաշած արաղ խմի, մի հատ երկնքին նայի, մի խաչ քաշի, ու քնի, որ առավոտն էլի նախիրը հանի սար:

Գյուղի մեջ էլ ոտաբոբիկ, կիսալքված շորերով, մրոտ ու հողոտ դեմքերով, լավաշն ու պանիրը ձեռներին ու բերանները երջանկությունից բացած գյուղի մանչերն են, լարում են կովերին, մեկը ցուլին, մյուսը շարքերից գտնում ա իրանց կովին, ու էդ կովի հետևից գնում տուն, կանգնում տատու կողքն ու նայում, թե ոնց են կթում ու մալիռովնի վեդռոյով կաթը տանում, որ վաղը մածուն սարքեն, կամ խնոցու կարագ, կամ էլ պանիր, կամ էլ դնեն ու կաթ խմեն… Ինչ իմանաս, ամեն տնտեսություն իր օրն ու պլանն ունի…

Այ հենց այսպես, մի օր էլ մահացավ գյուղի չոբանը: Իլչակենց ծուռ դնչով Ավիկը: Գյուղի չոբանի մահը բոլորի համար էլ ցավ էր: Խելոք տղա էր, ամեն օր կովերին տանում էր, բերում էր, չէր տրտնջոմ, փողն էլ ուշացնեին, բան չէր ասի, ինքն իր ձին… Էդ էր էդ մարդու կյանքը, բայց դե բռնեց ու մեռավ: Արջի պես առողջ էր, բայց դե մահը որ գալիս ա, չի հարցնում, առողջ էս, հիվանդ էս, լավն էս թե վատը, սիրում են քեզ, թե զզվելի էս: Հենց տենց, սաղ գյուղի ինադու մեռավ ու անտեր թողեց արդեն ինստիտուտի տարիքի հասած աղջկան ու դպրոցական, իր ձեռի օգնական տղին:

Սաղ գյուղի կովերի ինադու մեռավ, իր ձիու ինադու մեռավ, հենց տենց վեր կացավ ու գնաց, հացթուխ կնգան էլ թողեց ու գնաց: Դրա ալկաշ ախպերն էլ, որ սաղ օրը բթացրել էր ուղեղը առավոտից իրիկուն հարբելով, սկսեց լացել: Էն ախպերն էլի, որ սաղ օրը կամ խմում էր, կամ էլ քնում, դա էլ սկսեց լացել: Բայց դե որ մեռավ Ավիկը, հավաքվան գյուղի քյոխվեքն ու որոշին, որ Ավիկին փոխարինող էր պետք, հո գյուղի նախրին անտեր չեն թողնի:

Նախիր պահող էլ գտան, մի երկու տարի հետո, աղջիկն էլ պսակվավ: Հոր ընգերի տղեն էր: Պստի վախտ իրար հետ հանդ շատ էին գնացել:

-Ավիկը սաղ ըլներ տենար էն չինար բոյով նանարին ու փեսի ուրախությունը: Տղեն էլ մեծացավ թե չէ, բռնին ու տարան բանակ: Հանին ու հասցրին են Ղարաբաղի ծերին: Էլ չնային անհեր տղայա, մի քիչ մոտիկ տեղ գցեն, էլ չասին, բա դրա անմարդ մերը մեղք չի՞, իր բալին կկարոտի: