
Խնձորները տարբեր են լինում: Օրինակ կծած խնձոր կա, որն ասոցացվում է հիշատակի արժանի Սթիվ Ջոբսի հետ: Կարկուտի խփած կանաչ խնձոր կա, որ , ինչպես ասում է մեր հարևան Յուրիկ ձյաձյան “հորս գներն ա վրեն”: Կա կարմիր խնձոր, որը ասոցացվում է աղջկա օրգանական գոյացության լինել-չլինելու հետ: Կծած խնձորը'որպես հայտնի բրենդ նույնիսկ երազանք է: Սեղանին դրված մրգի տեսքով…զզվող եմ, ուրիշի կծածը չեմ ուտի: Ինձ համար չկծած կարմիր խնձորը նորմալ ուտելու միրգ է: Առանց չափազանցության: Ես բոլոր խնձորներից հենց կարմիր խնձորն եմ սիրում: Ու այդ խնձորի ֆետիշացումը, ինձ, անկեղծ, հիստերիայի մեջ է գցում: Այնպես, որ չզսպեմ իմ ներսի բոլոր անմշակ սովորույթներն ու չսեղմեմ լեզվի արգելակները: Ինձ զայրացնում է ոչ թե այդ ավանդույթը որպես այդպիսին: Այլ դրան տրված կարևորությունը' ըստ էության: Որքան նագլիություն է պետք /չգիտեմ հայերեն տարբերակը/, որպեսզի աղջկա բարոյականությունը չափվի սրանով: Որքան մարդը պետք է անարժան լինի, նրա ապրած կյանքը անարժեք, նրա հոգին ու մարմինը անկարևոր, որպեսզի կարմիր խնձորը որոշի քո սիրելի աղջիկը' “լավն է”, թե “վատը”: Կուսաթաղանթի պաշտամունքի համար գուցե Երևանի կենտրոնում մի նստավայր կառուցենք: Գնանք մոտը մոմ վառենք: Խնդրենք, որ նա մեր գլխից անպակաս լինի և նրա պլազմային բաղադրությունը միշտ մեր գլխի վերևում:
Խնձորն էլ կարելի է մեռոնի մեջ օրհնել ոսկյա շղթայի վրա անցկացնել ու կախել մեր պարանոցին: Սա ծիծաղելի է բոլոր դարերի համար: Ոչ միայն նանոտեխնոլոգիաների, այլ թագավորական բալերի վուալների: Ծիծաղելի է նաև, որ կարմիր խնձորը չընդունողներին ասում են առաջադեմ, եվրոպական արժեքների կրող ու կռիվ են տալիս ազգապահպանության շուրջ մղձավանջային մտքերով: Ծիծաղելի խնձորի պատմություն է.. երբ նորապասկաները առաջին գիշերից հետո բաժանվում են, որովհետև հայերի ասստված կուսաթաղանթը ներկա չէր նրանց երջանկության անդրանիկ օրվան: Լքել էր: Նեղանում են ու բաժանվում: Համարելով' ուրեմն օրհնված չէ նրանց համատեղ կյանքը: Այս համատարած տգիտությունն ու տկարահոգությունը մի ամբողջ ազգի դարձրել է կիսահիվանդ: Տղաները կիսահիվանդ են, որովհետև դա ստիպված են անել միայն մարմնավաճառների կամ “անբարո” աղջիկների հետ: Դրա համար կամ գումար է պետք կամ հմայք ու լավ բառապաշար: Այդ պատճառով մարտյան կատուների պես ամբողջ օրը փողոցներում ու ակումբներում ընկած լեզուները կախ գցած պտտվում են ու չեն կարողանում լավ ժամանակ անցկացնել:
Այնքան չեն շփվել աղջիկների հետ, որ նույնիսկ կարգին ծանոթանալու ձև չգիտեն, ստրատեգիա չունեն ու միայն անտաշ հայացքներով ու բառերով են մոտենում: Աղջիկներն էլ կարգին աղջիկ մնալու տառապանքների տակ ամբողջ օրը ցույց են տալիս, որ իրենք կույս են: Եթե բարևում ես' ուրեմն ուզում ես: Եթե ուզում ես' ինքը կույս է: Այդպիսին մնալու է մինչև կյանքի վերջ: Իսկ կյանքի վերջը գալիս է երբ ամուսնանում են: Որովհետև այդ հոգեխանգարմունքով տառապող աղջիկները գրեթե միշտ սովոր են լինել սրա-նրա իշխանության տակ, հեզաբարո ու “հեզադախ”: Ինչը շատ արագ հոգնեցնում է տղամարդուն, “ տան կնիկ է” դարձնում աղջկան ու այդպես կյանքը դառնում է մոլախոտ, որ աճում է աճելու համար: Իմ ընդդիմախոսները շատ ավելի շատ են քան ես ու իմ համախոհները այս հարցում: Բայց շատ չեն նրանք, ովքեր տարբերում են բարոյականությունը անբարոյականությունից:
Կարողանում են տեսնել այդ սահմանը, որից հետո աղջիկը անբարոյական է, թե բարոյական. անգամ եթե նա անկողնի է մտել մինչև քեզ' բարոյականության դյուցազուն, հանդիպելը: Եվ այսպես այդ բարոյական չափանիշների համաձայն տղաները, ունենալով ընկերուհի օգտվում են մարմնավաճառի ծառայություններից կամ գտնում են դրան փոխարինող մեկին: Հետո գնում են հանդիպելու իրենց սիրած միակ էականին ու համբուրում, գրկում են նրան: Շատ բարոյական է համաձայնվեք: Շատ ճիշտ է չէ: Հիմա “խնձորապաշտները” մտածելով ազգային բարոյականության դեմոգրաֆիայի մասին հաստատ կասեն.”բա ոնց ում հետ պատահի լինի”: Ու կստանան արժանի պատասխան. բարոյական աղջիկը ում հետ պատահի չի լինում, այ տկարամիտ: Ու հենց սրանով էլ պետք է որոշել որքանով է նա բարոյական կամ հակառակը: Նորմալ հոգեբանությամբ մարդը բոլորին չի սիրահարվում ու հետո սիրում և այդ բոլորի 90 տոկոսն էլ նրան չեն սիրի: Եթե մեկը մյուսին չսիրի բնական է, որ ոչինչ չի լինի: Իսկ եթե դու “խնձորապաշտ ես” ու խնձորիզմի հավատարիմ հետևորդը գտիր այնպիսի աղջկա, որւ դեռ “կծած” չէ: Իսկ, երբ պարզ ես, որ կծած է տղամարդ եղիր. Կամ ներիր նրան ու աշխարհով մեկ այդ մասին մի բարձրաձայնի կամ սիրիր նրան ու ամեն առիթ մի օգտագործիր, որպեսզի նսեմացնես' ասելով, որ նա կծած է: Ու քանի որ կծած է, ուրեմն քեզ պետք է ենթարկվի, թե չէ..: Խնձորապաշտներ’, սա սեքսուալ հեղափոխություն չէ: Սա նորմալ մարդկային հարաբերություններ հաստատելու տարրական կանոն է:Բայց սեքսուալ հեղափոխությունն էլ չէր խանգարի:
P.S. Խնձորիզմը հին հայկական աղանդավորական ուղղություն է, որ գլուխ բարձրացրեց վերջին տարիներին, քանի որ որոշ օպպոնենտ կազմակերպություններ սկսեցին խնձորներին թաղել ի նշան անհամաձայնության ու “առաջադիմության”: Նրանք ակտիվացան ու սկսեցին եթերում երևալ խոսելով Հովհ. Թումանյանի թողած ժառանգությունից, ազգապահպանությունից ու աղջիկների հեզաբարո պարերից: Հակախնձորապաշտները լռեցին: Սկսեցին պարտիզանական պայքարը: Իրենց “մութ” գործերը իրականացնելով ծածուկ, որ ոչք ոք չիմանա ու սրա արդյունքում ստեղծվեց մի աննորմալ իրավիճակ, որտեղ, ինչպես ԽՍՀՄ-ում սեքս չկար, այնպես էլ հիամ սեքս չկա, իսկ եթե լինում է, ապա պարտադիր նրան շրջապատող բոլոր տղաները պետք է իմանան հերոսական մարտի ու փառապանծ հաղթանակի բոլոր մանրամասները: Սիրեք միմյանց, որպեսզի սեքսից հաճույք ստանաք, ոչ թե հաղթանակի զգացողության ֆլուիդներ: