Շատ կուզենայի, որ աշխարհում երբևէ բանակի կարիք չլինի: Բայց կյանքի զարգացումները շատ հեռու են այդ անհնար թվացող ցանկությունից: Բանակներն, ընդհակառակն, շատանում են: Ինչքան շատ է խոսվում մարդասիրությունից, հանդուրժողականությունից, այքան, կարծես, ավելանում են մասնավոր շահերը և դրանք պաշտպանելու կամ դրանք պարտադրելու քայլերը: Ավելանում է նաև ագրեսիան: Մարդկությունը կարծես նույնիսկ մի քայլ առաջ չի գնացել իրական հումանիզմի հարցերում: Ամենաշատ ռեսուրսները' մարդու միտքը, գաղափարը, մարդկային մոբիլիզացիան, ֆինանսները ծախսվում են մարդ ոչնչացնելու կամ մարդ պաշտպանելու ոլորտներում, և երկու դեպքում էլ դաստիարակվում է ագրեսիվ վարքն ու ագրեսիան արտահայտելու կարողությունները: Պատկերացնում եք, թե ինչքան մեծ է ագրեսիայի իրական ծավալը այս փոքրիկ, Երկիր կոչվող մոլորակի վրա, և որքան ճնշում է այդ ծավալը յուրաքանչյուր մարդու? Հենց միայն այդ ճնշումը և դրա առաջացրած հակազդեցությունը կարող է ծածկել մարդու հիմնական կենսոլորտը:
Հայկական բանակը իր բոլոր սեգմենտներով' զինվոր, սպայություն, ուսուցում, զենք, շենք, սպասարկող կառույցներ, ֆիզիկական տարածք, զգացմունքների խտացման տարածք, հասարակական վերաբերմունք, սպասումներ... Հայաստան երկրի թերևս ամենամեծ "կառույցն" է: "Տեսանելի" գործընթացներում այն, կարծես, շատ նկատելի չէ, բայց որքա~ն մեծ է նրա վրա դրված առաքելությունը, որ ընդհանրանում է "պաշտպանություն" տարողունակ բառով: Որքան լավ կլիներ, եթե այդ առաքելության կարիքը չլիներ: Ումից կամ ինչից է կախված այդ առաքելության անհրաժեշտությունը? Ումով կամ ինչով է պայմանավորված? Մարդկանցից և մարդկանցով: Ինչքան հեռու է, սակայն, մարդը իր հիմնական, սոցիալական առաքելությունից' արարել ոչնչացնելու փոխարեն, սիրել ատելու փոխարեն, երջանիկ լինել վախենալու կամ վախեցնելու փոխարեն... մարդու բնական առաքելությունը փոխակերպվել է արհեստականի: Եկեք պատերացնենք պաշտպանելու և պաշտպանվելու անհրաժեշտության վերացումը: Նույնիսկ պատկերացնել չեմ կարող, այնքան որ մարդկությունը դեռ մոտ է բնազդներին: Քանի դեռ գիտակցությունը չի հաղթահարել բնազդին, մարդկության սոցիալական առաքելությունը չի կայանալու: Ուրեմն ինչ արժե այն փիլիսոփայությունը, որ Աստված մարդուն ստեղծել է իր նման?: