… Քեզ համար բավականին կարճ օրվա քսանչորս ժամերից երեք- չորսը գրասեղանի մոտ ես անցկացնում: Հիմնականում գիշերը: Եթե մեր տրամադրության տակ լոկ մի սենյակ է, ես մի կերպ հարմարվում եմ կողքդ' մահճակալի վրա: Ավելի ուշ, մեր մեծ բնակարանում, աշխատասենյակիդ բազմոցին նստած, սպասում եմ, որ ինձ համար կարդաս նոր ծնված բանաստեղծությունը, ու երբեմն ննջում եմ: Եվ ահա գիշերվա լռության մեջ քնքշորեն շոյում ես այտերս, որ արթնացնես: Աչքերդ կարմրած են, շատ ծխելուց ձայնդ քիչ նստել է: Դու ինձ համար կարդում ես բանաստեղծությունը, և դա մեր կյանքի ամենալեցուն րոպեներից է, համամասնակցություն, խորին միասնություն: Դա քո բարձրագույն պարգևն է ինձ: Երբ հարցնում եմ, թե որտեղի՞ց այդ, ի՞նչն է քո մեջ անկասելի պահանջ արթնացնում թղթին բառեր հանձնել հենց որոշակի հերթագայությամբ, երբեմն առանց ուղղումների, չես կարողանում պատասխանել: Երևում է' քեզ համար էլ դա առանձնապես հասկանալի չէ. “Այդպես է ստացվում. ահա և բոլորը”: Ու ավելացնում ես. “Երբեմն դժվար է, գիտես…”
***
… Մի քանի օր ստուդիայից դուրս չենք գալիս: Իսկական երջանկություն է դա: Հազվադեպ է քո ոգևորությունն այդպես փոխանցվել մյուսներին: Կոստայի կինը' խորունկ, հուզիչ ձայնով երգչուհի Վերոնիկան էլ է այնտեղ, և մենք հերթով կատարում ենք երկրպագուների սովորական աշխատանքը. սուրճ ենք մատուցում, վազում սենդվիչ ու ծխախոտ գնելու և միշտ “ձեռքի տակ” ենք, որպեսզի ծափահարենք հաջող ձայնագրված երգին: Ծանր է ձեր աշխատանքը, սակայն այնքան հաճելի, որ այդ մի քանի օրն անցնում է աննկատ, և երկար սպասված ձայնապնակն ի վերջո պատրաստ է: Շապիկի ներսի լուսանկարները ձայնագրության ժամանակ են արված: Դու և Կոստյան մորուքով եք, երկուսդ էլ' ասես նավաբեկյալներ: Ձեր աչքերն հոգնածությունից կարմրել են, բայց ժպտում եք երանությամբ: Տեքստերը մեր ընկերուհին' Միշել Կանն է թարգմանել, նա տասը տարի ԽՍՀՄ-ում է ապրել, և քո բոլոր երգերը գիտի…
***
… Անընդմեջ այդ հալածանքներն հոգեպես տանջում են քեզ, քանզի համաժողովրդական ճանաչումդ, որքան էլ մեծ է այն, քո աչքում պաշտոնական ճանաչման բացը չի լրացնում: Հաճախ եմ զարմանում, թե ինչո՞ւ է դա քեզ այդպես անհանգստացնում, բայց դու դառնությամբ պատասխանում ես. “Նրանք ամեն ինչ անում են, որ ես որպես անհատականություն վերանամ: Պարզապես նման մարդ չկա, և վե՜րջ”: Մինչև կյանքիդ վերջը դու ապարդյուն պիտի ջանաս, որ քեզ ընդունեն իբրև բանաստեղծ: