ՈՍԿԵԴՐԱՄՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆԸ
(հրեական)

Մի քաղաքում մի մարդ էր ապրում, որը սիրում էր ուսումնասիրել Տորան (հնգամատյան, Աստվածաշնչի առաջին հինգ գլուխները՝ Հ.Ա.)։ Նա իր սեփական գործն ուներ, կինն օգնում էր նրան, և ամեն ինչ յուղի պես հարթ էր գնում։ Բայց մի անգամ նա սնանկացավ։ Սիրելի կնոջն ու երեխաներին կերակրելու համար նա մեկնեց հեռավոր մի քաղաք և այնտեղ ուսուցիչ դարձավ։ Երեխաներին եբրայերեն էր սովորեցնում։
Տարվա վերջում նա ստացավ իր վաստակած դրամը՝ հարյուր ոսկեդրամ, և ցանկանում էր դա ուղարկել սիրելի կնոջը, բայց այն ժամանակ փոստային ծառայություն դեռ գոյություն չուներ։ Նա, ով ցանկանում էր մի քաղաքից մյուսը դրամ ուղարկել, պետք է դա փոխանցեր ինչ-որ մեկի հետ, որը գնում էր նրա ուզած քաղաքը, իհարկե այդ մարդուն վճարելով ծառայության դիմաց։
Այն քաղաքով, որտեղ Տորայի գիտակն ուսուցանում էր երեխաներին, մանր ապրանքներ վաճառող մի չարչի էր անցնում, և ուսուցիչը նրան հարցրեց.
_ Դեպի ո՞ւր եք դուք գնալու։
Մանր ապրանքներ վաճառողը տարբեր քաղաքների անուններ թվարկեց, որոնց թվում նաև այն քաղաքի անունն էր, որում ապրում էր ուսուցչի ընտանիքը։
Ուսուցիչը նրան խնդրեց հարյուր ոսկեդրամ փոխանցել իր կնոջը։ Վաճառականը հրաժարվեց, բայց ուսուցիչը սկսեց համոզել նրան.
_ Բարի՛ պարոն, իմ խեղճ կինը սոսկալի կարիքի մեջ է, չի կարողանում երեխաներին կերակրել։ Եթե դուք այս դրամը նրան փոխանցելու հոգսը ստանձնեք, ապա հարյուր ոսկեդրամից կարող եք նրան տալ այնքանը, որքան ինքներդ կցանկանաք։
Ագահ չարչին համաձայնեց, ենթադրելով, որ կկարողանա խաբել Տորա ուսուցանողին։
_ Լավ,_ ասաց նա,_ միայն թե պայմանով. ձեր կնոջը գրեք, որ այս փողերից ես նրան կարող եմ տալ այնքանը, որքան ինքս կցանկանամ։
Խեղճ ուսուցիչն այլ ելք չուներ, և նա կնոջն այսպիսի նամակ գրեց.
«Ուղարկում եմ հարյուր ոսկի այն պայմանով, որ մանր ապրանքներ ծախող այս վաճառականը դրամից քեզ կտա այնքան, որքան ինքը կցանկանա»։
Տեղ հասնելով, վաճառականը կանչեց ուսուցչի կնոջը, նամակը տվեց նրան և ասաց.
_ Ահա նամակ ձեր ամուսնուց, իսկ ահա փողը։ Մեր պայմանի համաձայն ես այս դրամից ձեզ պետք է տամ այնքան, որքան ինքս կցանկանամ։ Ես ձեզ մի ոսկեդրամ եմ տալիս, իսկ իննսունինը վերցնում եմ ինձ։
Խեղճ կինն սկսեց խնդրել, որ վաճառականը խղճա իրեն, բայց չարչին քարսիրտ մարդ էր։ Նա խուլ մնաց կնոջ աղերսներին և պնդում էր, որ նրա ամուսինը համաձայնել է այդ պայմանին, այդ պատճառով էլ ինքը լիակատար իրավունք ունի կնոջը տալ այնքան դրամ, որքան ինքն է ցանկանում։ Այնպես որ այդ մեկ ոսկեդրամն էլ ինքը տալիս է որպես բարի կամքի արտահայտություն։
Ուսուցչի կինը նրան տարավ այդ վայրի գլխավոր քահանայի մոտ, որը հայտնի էր իր խելքով ու հնարամտությամբ։
Քահանան ուշադրությամբ լսեց երկու կողմերին և սկսեց վաճառականին համոզել, որ նա գթասրտության ու արդարության օրենքներով առաջնորդվի, բայց վերջինս ոչինչ չէր ցանկանում լսել։ Հանկարծ քահանայի գլխում մի միտք փայլատակեց.
_ Հապա ցու՛յց տուր նամակը,_ ասաց նա։
Նա երկար և ուշադրությամբ կարդում էր այն, այնուհետև խստությամբ նայեց վաճառականին ու հարցրեց.
_ Դու այդ փողերից որքա՞ն ես ցանկանում քեզ վերցնել։
_ Ես արդեն ասացի,_ պատասխանեց ագահ վաճառականը,_ իննսունինը ոսկեդրամ։
Քահանան վեր կացավ ու խստությամբ ասաց.
_ Եթե այդպես է, ապա պայմանի համաձայն դու այդքանը պետք է տաս այս կնոջը, իսկ քեզ ընդամենը մեկ ոսկեդրամ պետք է վերցնես։
_ Արդարություն, որտե՞ղ է արդարությունը։ Ես արդարություն եմ պահանջում,_ գոռաց վաճառականը։
_ Արդարությունը պահելու համար հարկավոր է կատարել պայմանը,_ ասաց քահանան։_ Այստեղ սևով սպիտակի վրա գրված է. «Թանկագին իմ կին, վաճառականը այս դրամից քեզ կտա այնքան, որքան ինքը կցանկանա»։ Դու որքա՞ն ես ցանկանում։ Իննսունինը ոսկեդրա՞մ։ Ուրեմն տո՛ւր դրանք։ Եվ վե՛րջ։ Գործը փակված է։

«Առաջին հայացքից կարող է թվալ, թե այս պատմությունն ընդամենը հնարամտության մասին է։ Բայց իրականում պատմության մեջ շատ ավելի խորքային իմաստներ կարելի է հայտնաբերել։ Դրանում համոզվելու համար կարդացեք հաջորդ պատմությունը, որը նույն թեման է արծարծում»։

ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ
(սուֆիստական առակ)

Մի մարդ մահանում էր իր տանից շատ հեռու։ Նա կտակ կազմեց, որում իր ուեցվածքը ձևակերպեց հետևյալ բառերով. «Թող համայնքը, որն ապրում է այնտեղ, որտեղ իմ հողատարծքներն են, դրանցից վերցնի այն՝ ինչ կցանկանա, և թող այն՝ ինչ համայնքը ցանկանում է, տա Արիֆ Խոնարհին»։
Այդ ժամանակ Արիֆը մի երիտասարդ էր, որը ոչ մի դիրք չուներ հասարակության մեջ և այդ համայնքի ամենաաննշան անդամն էր։ Այդ պատճառով էլ համայնքի ավագ անդամները, կտակի համաձայն, կտակված հողաբաժիններից վերցրեցին այնքան, որքան ցանկանում էին։ Իսկ Արիֆին ամենաչնչին մի հողակտոր բաժին հասավ, որը ուրիշ ոչ ոք չէր ցանկանում վերցնել։
Շատ տարիներ անցան, և ահա, Արիֆը՝ առնականանալով և խելացի դառնալով, համայնքից պահանջեց իր օրինական հողը։ Բայց ավագները նրան ասացին. «Մենք քեզ հատկացրել ենք այն, ինչ քեզ հասնում էր կտակի համաձայն»։
Նրանք իսկապես էլ համարում էին, որ դա այդպես է, որովհետև կտակողը համայնքին հրահանգել էր վերցնել այն, ինչ համայնքը կցանկանար։
Եվ հանկարծ, վեճի ամենաթունդ պահին, նրանց առջև մի անծանոթ մարդ հայտնվեց։
Նրա դեմքի խստությունն ու անդիմադրելի տեսքը տեղնուտեղը բոլոր ներկա գտնվողների հայացքները գամեցին նրան։ Նա ասաց.
_ Կտակի իմաստն այն է, որ դուք պետք է Արիֆին տաք այն՝ ինչ դուք ձեզ եք ցանկացել, քանի որ նա ձեզանից ավելի լավ կտնօրինի ժառանգությունը։
Այդ խոսքերն այնպես ազդեցին ավագների վրա, որ նրանք միանգամից ըմբռնեցին կտակի այն դարձվածքի իմաստը. «Թող այն, ինչ նրանք կցանկանան, նրանք տան Արիֆին»։
_ Իմացե՛ք,_ շարունակեց անհայտ մարդը,_ որ եթե կտակողն Արիֆին բացահայտորեն իր ժառանգորդը հայտարարեր, ապա նա անզոր կլիներ համայնքին խանգարել զավթելու Արիֆի հողերը։ Համենայն դեպս, ժառանգությունն առնվազն կփոքրանար։ Այդ պատճառով էլ նա ամեն ինչ վստահեց ձեզ՝ կանխատեսելով, որ եթե դուք այդ ժառագությունը ձեր սեփականը համարեք, ապա կհոգաք նրա մասին և այն կպահպանեք Արիֆի համար։ Ահա՛ թե ինչու, իր հարստությունները ճշմարիտ ձեռքերին հանձնելու համար հոգալով, նա այսքան իմաստուն կտակ է կազմել։ Իսկ հիմա դրանք իր օրինական տիրոջը վերադարձնելու ժամանակն է հենց։
Եվ այսպես, ժառանգությունն իսկական ժառանգորդին վերադարձավ այն բանի շնորհիվ, որ ավագները կարողացան տեսնել ճշմարտությունը։

Իդրիս Շահի հավելումն այս պատմությանը։

Այս պատմության մեջ ընդգծվում է սուֆիստական ուսմունքն այն մասին, որ մարդիկ իրենց համար ցանկանում են այն, ինչը նրանք պետք է ցանկանան ուրիշների համար։
Դերվիշական որոշ շրջանակներում այս ասքին հետևյալ մեկնաբանությունն են տալիս. «Դու շատ պարգևների ես տիրում, որոնք քեզ ընդամենը ժամանակավոր են տրված. երբ դու հասկանաս դա, դու կկարողանաս դրանք վերադարձնել օրինական տիրոջը»։