Սիրիայի շուրջ ընթացող գործընթացների վերաբերյալ «Հայ զինվորի» հարցերին պատասխանում է թուրքագետ ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԸ
-Կարելի՞ է արդյոք ենթադրել, թե Թուրքիա-Մերձավոր Արեւելքի երկրներ հարաբերությունները դժվարին ժամանակներ կապրեն:
-Թուրքիան արդեն բավականին տուժել է Սիրիայի դեմ որդեգրած թշնամական դիրքորոշման պատճառով: Վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ու «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության նախաձեռնությամբ սկսել էր տարածաշրջանի երկրների հետ առեւտրատնտեսական հարաբերություններ զարգացնել, տարբեր ներդրումներ էր կատարում հատկապես Պարսից ծոցի երկրներում' Քուվեյթում, Քաթարում, ԱՄԷ-ում, Սաուդյան Արաբիայում, Եգիպտոսի հետ էլ ապրանքաշրջանառության ծավալները անհամեմատ մեծացել էին: Ապրանքափոխադրումները կատարվում էին Սիրիա-Լիբանան-Իսրայել-Եգիպտոս-Պարսից ծոցի երկրներ մեխանիզմով: Թուրքիայի հարաբերությունները Սիրիայի հետ թշնամացան, Սիրիան այլեւս չի թույլատրում, որ ապրանքները ցամաքային ուղով (բեռնատարներով) տեղափոխվեն, Իրաքի հետ էլ հարաբերությունները լավ չեն, Իրանի միջոցով էլ չէր կարող ապրանքափոխադրումներ կատարել, ուստի լաստանավերով բեռները տեղափոխվում էին Եգիպտոս եւ այնտեղից էլ տարբեր երկրներ: Եվ երբ տեղի ունեցավ Եգիպտոսի պաշտպանության նախարար, եգիպտական զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Աբդուլ Ֆաթթահ ալ Սիսիի հուլիսի 3-ի հեղաշրջումը, թուրքական լաստանավերը անգամ մոտիկ չթողեցին, ինչը հանգեցրեց տարածաշրջանի երկրների հետ առեւտրի ձախողմանը: Նաեւ Սիրիային սահմանակից նահանգների հետ սահմանային առեւտուրը դադարեց, Թուրքիան այստեղ էլ տնտեսական մեծ կորուստներ ունեցավ: Սիրիայի սահմանակից նահանգներում բախումներ եւս տեղի ունեցան, եւ պատահական կրակոցով 50-ից ավելի Թուրքիայի քաղաքացիներ սպանվեցին:
Եթե անգամ թուրքական զինված ուժերը մասնակցեն Սիրիայում ռազմական գործողություններին, միեւնույն է՝ ԱՄՆ որոշումների կայացման համատեքստում Թուրքիային դեր չի վերապահված, եթե ԱՄՆ-ը Եվրամիության երկրներին նման հնարավորություն չի տալիս, թուրքերին առավել եւս չի թողնի, որ վճռորոշ դեր խաղան տարածաշրջանում: Թուրքիայի հարաբերությունները լարված են նաեւ Իրանի հետ, քանի որ Իրանը դեմ էր թուրք-սիրիական սահմանին Patriot զենիթահրթիռային համալիրների տեղակայմանը եւ կտրուկ հայտարարություններ արեց այդ կապակցությամբ:
- Ձեր կարծիքով՝ սիրիական ճգնաժամը կվերածվի՞ լայնածավալ պատերազմի, եւ ո՞վ կարող է փոխարինել Բաշար Ասադին:
-Կարծում եմ' մոտակա 3-4 ամիսների ընթացքում պատերազմ չի լինի: ԱՄՆ-ը զորքերը դուրս բերեց Իրաքից, ապա՝ Աֆղանստանից: Երբ դու քո զորքերը տարածաշրջանի երկրներից դուրս ես բերում առանց որեւէ արդյունքի, երրորդ երկրի դեմ ռազմական գործողություններ սկսելը շատ ռիսկային է: Տեսեք' Եգիպտոսում հեղափոխություն եղավ, ցույց տվեցին' ժողովրդավարություն կա, այդ սկզբունքով առաջին ընտրությունները կազմակերպեցին, «Մահմեդական եղբայրներ» շարժման առաջնորդներից մեկը՝ Մուհամմեդ Մուրսին, ընտրվեց Եգիպտոսի նախագահ: Բանակը, որ տապալել էր Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին, այս անգամ էլ տապալեց Մուհամմեդ Մուրսիին: Այսինքն' կան երկրներ, որտեղ ժողովրդավարության զամբյուղն իջեցնելուց հետո, երբ վերջինս բացվում է, ժողովրդավարությունը իսկույն փոշիանում է: Պատճառն այն է, որ տասնյակ տարիներ բռնատիրական վարչակարգ է իշխել, հետեւաբար՝ ընդդիմություն չի կազմակերպվել: Իշխանության են գալիս «Մահմեդական եղբայրները»' իսլամ արմատական եւ կիսաահաբեկչական մի շարժում, որը չի կարող լրացնել ընդդիմադիր դաշտում առաջացած բացը: Նրանք եւս ձգտում են իշխանությունը կենտրոնացնել իրենց ձեռքերում, ընդ որում՝ «Եղբայրների» գործունեության շրջանակները Եգիպտոսով չեն սահմանափակվում, նրանք կոալիցիոն հիմունքներով իշխանության են եկել Եմենում, Հորդանանում, Ալժիրում, Թունիսում էլ են ազդեցիկ ուժ. չկա Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի արաբական մի երկիր, որտեղ նրանք ազդեցություն չունենան: Սիրիայում եւս նրանք կարող են առաջադրել իրենց թեկնածուին, հարց է առաջանում' այս դեպքում Սիրիայում ո՞վ պետք է հեղաշրջում կազմակերպի: Ուստի ներկա պահին որեւէ մեկին ձեռնտու չէ սկսել ռազմական գործողություններ, առավել եւս՝ տապալել Ասադի վարչակարգը: Դրությունը «կփրկեր» նպատակային մի քանի հարված. Օբաման կարդարացներ իր խոստումը' քիմիական զենք օգտագործելու համար պատժել Ասադին, Ասադի վարչակարգը կասեր, որ իրենց համառ դիմադրության շնորհիվ ԱՄՆ չհանդգնեց դիմել ռազմական գործողությունների, Իսրայելը բավարարված կլիներ, որ ռազմական գործողությունների չդիմելու շնորհիվ երկիրը հարձակման թիրախ չդարձավ Իրանի կամ Սիրիայի համար:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ