«Արդարների հիշատակով պայծառանում է ժողովուրդը»: Հետևաբար՝ որքան առավել պիտի պայծառանանք Աստվածամայր Կույսի հիշատակով, քանզի որքան արեգակը գերիվայր է ու պայծառ, քան երկնքի մյուս լուսատուները, այդքան գերահրաշ ու արփիափայլ է Աստվածածին Կույսի հիշատակը մյուս արդարների հիշատակից, և այդքան բերկրում են հավատացյալները, երբ Տիրամոր ննջումն են տոնում:
Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է, և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը ։ Այն տոնում են օգոստոսի 15-ի մոտակա կիրակի օրը:
Տոնի պատմական հիմքը սրբազան ավանդությունն է, համաձայն որի, Քրիստոսի համբարձվելուց հետո, առաքյալները, ըստ Փրկչի հրամանի, գնացին իրենց վիճակված երկիրը, իսկ սուրբ կույս Մարիամը Հովհաննեսի հետ մնաց Երուսաղեմում: Երանելի կույսն այդ ժամանակ բնակվում էր իր ծնողների տանը, և նրան սպասավորում էր Հովհաննես առաքյալը։ Տիրոջ համբարձումից հետո սրբուհին աշխարհում մնաց ևս տասներկու տարի և նրանով մխիթարվում էին առաքյալները:
Մի օր, երբ սուրբ կույսն աղոթում էր իր սենյակում, եկավ Գաբրիելը, ողջունեց ու կանչեց նրան Ձիթենյաց լեռ, ուր սուրբ կույսը սովորաբար գնում էր աղոթելու: Կույսը գնաց և ծնրադրելով աղոթեց այն տեղում, որտեղից Փրկիչը համբարձվեց, և լեռան վրա եղող բոլոր տունկերը խոնարհվեցին ու երկրպագեցին նրան: Այդտեղ նրան դարձյալ երևաց հրեշտակն ու ողջունեց՝ ասելով. «Մա՜յր սրբության և առագա՜ստ երանության, տաճա՜ր խնդության և քաղա՜ք թագավորության, մարդկային ցեղի ճանապա՜րհ դեպի Քրիստոս, հասել է քո ժամանակը՝ փոխվելու այս աշխարհից առ Աստված: Նա, քո Տերը՝ Միածին Որդին, Ով մարդկանցից քեզ ընտրեց Իրեն մայր և ամբողջ աշխարհի փրկանքը լինելու համար, այսօր հաճեց քեզ փառքով աշխարհից դեպի անքննելի փառքը փոխադրել»: Ապա հայտնեց, որ լրացել է օտարության մեջ նրա պանդխտության ժամանակը, և այժմ պահն է գնալու դեպի իր հայրենի ժառանգությունը:
Տասնչորս օր անց, կրկին եկավ Գաբրիել հրեշտակապետը և կրկին Տիրուհուն ավետեց Աստծու մոտ փոխվելու մասին, ինչից բերկրեց Մարիամը, և զվարճացավ նրա հոգին: Նա շրջում էր բոլոր տնօրինական վայրերում ու աղոթում: Ապա, ևս տասներկու օր անց, երրորդ անգամ եկավ Գաբրիելը և դարձյալ խորնարհվելով տիրածին Կույսի առջև՝ ասաց. «Ուրախացի՜ր, բերկրյալդ կանանց մեջ, քանզի քեզ կանչում է մեր Արարիչը, քո Միածին Որդին», և նրան տվեց բրաբիոնի մի պսակ, որը հյուսել և բերել էր Ադամի Դրախտից, և այն դրեց սուրբ Աստվածածնի գլխին, որպեսզի առաքյալները և իմաստուն սուրբ կույսերը դա տեսնելով օրհնեն Աստծուն:
Մարիամը, երբ ստացավ իր երկինք փոխվելու ավետիսը և բրաբիոնի պսակը, գնաց Ձիթենյաց լեռը՝ աղոթելու, և բոլոր բույսերն ու տնկիները կրկին խոնարհվելով՝ երկրպագեցին նրան: Իր աղոթքում Աստվածածինն այսպես էր ասում. «Դու իմ Տեր Հիսուս և Որդի, Քո Հոր՝ Աստծու և իմ՝ Քո աղախին մոր, Տեր իմ Միածին, Դու Ինքդ խոստացար գալ ինձ մոտ, որպեսզի Քեզ ավանդեմ իմ հոգին»: Այդժամ երկնքից մի ձայն նրան պատասխանեց. «Չեմ թողելու քեզ մայր Իմ, Տիրուհի, այլ կգամ քեզ մոտ և կկատարեմ քո խնդրանքը»: Երբ սուրբ կույսը լսեց այդ խոսքը, անասելի բերկրանք ապրեց: Վերացավ նրա մարմնավոր տրտմությունը, ու հոգին լցվեց հոգևոր խնդությամբ: Ապա դարձավ իր տուն, կանչեց իր բոլոր դրացիներին, ազգակիցներին և այն սուրբ կույսերին, ովքեր իր հետ ժուժկալությամբ ճգնում էին, ու նրանց հանձնարարեց, որպեսզի վառեն բոլոր ջահերը և իր հետ լինեն երեք օր, և այդ օրերին նրանց շատ բաներ էր պատմում Աստծու մեծամեծ գործերի մասին:
Այնուհետև կույսը Հովհաննեսին խնդրեց պատարագ մատուցել, որպեսզի հաղորդվի իր Միածին Որդու Մարմնին ու Արյանը: Այդժամ Հովհաննեսը Հիսուսի մայր Մարիամի և նրա ընկերակից կանանց հետ ելավ Վերնատուն և այնտեղ կատարեց Պատարագի սուրբ խորհուրդը:
Առաքյալները մտան Վերնատան մոտ գտնվող Աստվածամոր տունը: Սուրբ Աստվածածինը նրանց ցույց տվեց այն բրաբիոնը, որը դրախտից իր համար էր բերել Գաբրիելը, և հայտնեց իր ննջման մասին ու մատնանշեց իր հանգստյան տեղը՝ Գեթսեմանիի պարտեզում: Առաքյալները լսելով, որ Աստվածածինը պետք է հեռանա իրենցից, նույնպես սկսեցին ողբալ:
Հովհաննեսը վերցրեց է մի տախտակ, տվեց Աստվածածնին և խնդրեց, որպեսզի նա իր պատկերը դրոշմի դրա վրա: Տիրամայրը վերցրեց տախտակը, խաչակնքեց և երեսին դրեց, այնուհետև թրջեց արցունքներով և Աստծուց խնդրեց, որ այդ տախտակի միջոցով մարդիկ բժշկվեն իրենց ախտերից և զանազան հիվանդություններից:
Երբ առաքյալները շրջապատել էին Տիրամոր մահիճը, աննկարագրելի մի լույս երևաց: Սենյակի վերևում հայտնվում է Քրիստոս' հրեշտակների զորքերով: Տեսնելով իր Որդուն' Աստվածամայրն ավանդում է հոգին։
Առաքյալները Տիրամոր թաղումից հետո՝ մի քանի օր ևս մնացին Երուսաղեմում: Սակայն նրանցից մեկը՝ Բարդուղիմեոսը, Երուսաղեմում չէր և Աստվածամոր ննջմանը և թաղմանը ներկա չէր, քանզի դա էր Տիրոջ կամքը: Իսկ երբ նա եկավ ու իմացավ կատարվածը, խիստ վշտացավ, որ չի արժանացել Աստվածամոր տեսությանը և չի ընդունել վերջին օրհնությունը, ինչպես մյուս առաքյալները: Հետո սկսեց աղաչել Պետրոսին և մյուսներին, որ իրեն ցույց տան աստվածային գանձը՝ Աստվածածնի մարմինը:
Առաքյալները ահով ու դողով աղոթք արեցին ու հոժարելով կատարել իրենց եղբոր փափագը՝ բացեցին գերեզմանը, և այն դատարկ գտան: Այնտեղ էին միայն Աստվածամոր պատանքները: Նրանք սկզբում խիստ զարմացան, սակայն հետո իմացան, որ հրեշտակների օրհներգությունների դադարումից հետո, հրաբուն զորքերի միջոցով, Տիրուհին փոխադրվել է դեպի մեծ ու լուսապատիվ փառքը, որը միայն Աստված գիտի, և հիանալով փառք տվեցին Աստծուն: Առաքյալները փայտի վրա դրոշմած պատկերը տալիս են Բարթողոմեոսին' որպես մխիթարություն։
Եկեղեցին Մարիամի երկրային կյանքի վախճանը անվանում է վերափոխում բառով, որը նշանակում է փոխադրվել վեր։ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնին եկեղեցում կատարվում է խաղողի օրհնությունը, որից հետո է միայն թույլատրվում խաղող ուտել։ Քրիստոսն իրեն համեմատում էր խաղողի վազի՝ որթատունկի հետ։ Խաղողից է պատրաստվում նաև գինին։ Քրիստոսը, Խորհրդավոր ընթրիքի ժամանակ գինին տալով աշակերտներին, ասաց. «Այս է իմ արյունը»։