Էլեկտրոնային մամուլը կարդալով՝ տեսնում ենք քարոզարշավի վերաբերյալ հագեցած լրատվություն: Լրատվամիջոցը բացի լրատվություն փոխանցելուց նաև իր վերաբերմունքն է փոխանցում ընթերցողին, որով և ձևավորում է որոշակի տրամադրվածություն թեկնածուի հանդեպ: Այսպես' Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզչական մեթոդաբանությունը այնքան էլ լավ չհասկանալով՝ լրատվամիջոցը իրեն թույլ է տալիս փնովել, ծաղրական ելևէջներով հագեցած մեկնաբանություններ անել: Սա միանշանակ մերժելի է, քանի որ քարոզարշավը նրա համար է, որպեսզի թեկնածուն ընկալելի ու հասկանալի լինի բոլորին իր ծրագրերով, կեցվածքով ու անմիջականությամբ: Ոչ մեկ չի խոսում, որ Ր. Հովհաննիսյանի քարոզարշավը ընթանում է հստակ արտացոլվող անմիջականության պայմաններում: Ինքն է գնում ընտրողի մոտ, այլ ոչ հակառակը, սակայն դա էլ է ձև:
Ինչևէ, խոսքս ուղղում եմ այն մարդկանց, որոնք քարոզարշավի վերաբերյալ չեն ալարում, զբաղվում են ուղեղի քաղհանով:
Քարոզարշավին հետևելով յուրաքանչյուր քաղաքացի նաև որոշակի նախատրամադրվածություն է ձևավորում: Իսկ ԶԼՄ-ները՝ որպես միջնորդ քաղաքացու և թեկնածուի միջև, կարծում եմ, պետք է հնարավորինս չեզոքություն ու օբյեկտիվություն ցուցաբերեն: