Քանի որ լրահոսումս տարբեր տեղեր քննարկում են Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավի յուրահատկությունները, ուզում եմ անձնական տպավորություններովս կիսվել:
Երբ խորհրդարանական ընտրություններին մասնակցում էի քարոզարշավին, դեռ չէի պատկերացնում, թե այդ գործընթացն ինչ դրական լիցքեր կարող է տալ, եթե Րաֆֆիի ու նրա թիմի հետ ես:
Երբ քաղաքացիները բացում էին դռները ու տեսնում «Ժառանգություն» ֆրակցիայի պատգամավորներին' բուկլետները ձեռքերին, նրանց դեմքի արտահայտությունը, ժպիտները, ջերմ վերաբերմունքը մինչև հիմա ինձ հետ են:
Րաֆֆին երբեք չէր ասում ու այսօր էլ չի ասում «քվեարկեք իմ օգտին», նա միշտ ասում է «տեր կանգնեք մեր երկրին»: Նրա քարոզարշավներում միշտ առաջնային գծում եղել է ժողովուրդին արթնացնելը, «թափ տալը», ուժ տալը, իր անսպառ էներգիայով վարակելը:
Կարծում եմ, որ դա նաև այս փուլում է շատ կարևոր, որ հասարակությունը հիասթափությունից կրկին խոր քուն չմտնի, ինչպես դա մինչև 2008-ն էր: