Եթե ես իմանայի, որ մեկ ամիս հետո ինձ մոտ սկսվելու է անկառավարելի վախ մետրոյից (առհասարակ գնացքից արագությունից, փակ տարածքներից, կիսամութ ու մութ վայրերից, գիշերվանից ու սուր ձայներից), ես ժամերով մետրոյից դուրս չէի գա: Կպտտվեի ամբողջ քաղաքով մեկ ու կվայելեի գնացքի չխկչխկոցն ու կողքիս նստած մարդկանց: Եթե ես իմանայի, որ մեկ ամիս հետո ես վախենալու եմ բարձրությունից, ես կամուրջի վրա կհանեի կոշիկներս ու ոտաբոբիկ քսանհինգ անգամ կգնայի ու կգայի կամրջի վրայով: Մի անգամ դանդաղ, հաջորդ անգամ՝ վազելով, մյուս անգամ թռվռալով, հաջորդին՝ տանգոյի թեթև քայլվածքով: Եթե ես իմանայի, որ սկսելու եմ մարդկանցից այնքան վախենալ, որ չեմ կարողանալու հանդիպել նույնիսկ ընկերներիս հետ, ես կառևանգեի նրանց տներից, համալսարաններից ու աշխատանքի վայրերից, ու մենք կխմեինք մինչև ուշ գիշեր: Մենք կավիճներով կնկարեինք շենքերի վրա, ոստիկանների մեքենաների վրա մանր քարեր կնետեինք ու կպոկեինք քաղաքով մեկ փակցված պաստառները: Մենք կերգեինք ու կնկարեինք, մենք կքննարկեինք գրքեր ու ֆիլմեր, խոտերի մեջ կփռվեինք իրար վրա ու կխոսեինք, կխոսեինք, կխոսեի՜նք:

Եթե ես ուղղակի իմանայի, որ ընդամենը մեկ ամիս հետո այս ամենի հնարավորությունը չեմ ունենա, ես կփոխեի ամեն ինչ: Ես կվայելեի ամեն վայրկյան, ամեն զգացողություն ու օրվա ժամ, ամեն եղանակ: Ես գաղափար չունեի, որ որոշ ժամանակ անց այս ամենի մասին ուղղակի երազելու եմ:

Դուք, հավանաբար, չգիտեք, թե ինչ է նշանակում ՛՛չեմ կարողանում՛՛ բառը: Այո, շատ հավանական է, որ չգիտեք: Որովհետև, երևի, եթե իմանայիք՝ հիմա բլոգումս չէիք լինի ու բլոգիս հաճախությունների թիվը չէր կրկնապատկվի: Դուք նստած եք համակարգիչների առաջ: Ոմանք կարդում են այս գրառումս, որովհետև ատում են ինձ ու ուզում են տեսնել՝ թե ինչ տխմարություն եմ գրել: Զարմանալի է, բայց համոզված եմ, որ այս տխմարությունը նրանք կարդալու են մինչև վերջ: Ինձ չսիրող մարդիկ շատ հետաքրքիր են: Այստեղ են նաև իմ հավատարիմ ընթերցողները, որոնք ինձ հաճախ են ապշեցնում. զարմանում եմ՝ ինչպես են հասցնում այդքան ուշադիր հետևել ինձ ու գրառումս հրապարակելուց անմիջապես հետո արդեն իսկ ընթերցել այն: Այստեղ են նաև իմ ամենաթանկ ու հարազատ մարդիկ: Այստեղ են բոլորը: Եթե դուք իմանայիք՝ ինչ է նշանակում ՛՛չեմ կարողանում՛՛ բառը, դուք ուղղակի էստեղ չէիք լինի: Դուք կլինեիք թատրոններում, կթափառեիք փողոցներում կամ ձեր ընկերոջ համար գրախանութում գիրք կընտրեիք: Իմ բլոգում ամայություն կլիներ, ոչ մեկ գրառումս չէր կարդա: Բայց գիտեք… ես ուրախ եմ, որ դուք չգիտեք՝ ինչ է դա: Ոչինչ, որ հիմա դուք միգուցե ժամանակ եք սպանում: Թող ձեզնից ոչ մեկ չիմանա՝ ինչ է նշանակում ՛՛չեմ կարողանում՛՛-ը : Թող չիմանա՝ ինչ է նշանակում երազել փողոցում թափառելու մասին, ինչ է նշանակում կարոտել հարազատ մարդկանց ու ուղղակի չկարողանալ հանդիպել նրանց հետ:

Իսկ ես երազում եմ: Երազում եմ ցուցահանդես գնալ, նայել նկարներին ու ոչինչ չհասկանալ: Կարող եք սպանել ինձ, բայց ես չեմ տեսնում ոչ մի խորը իմաստ միատոն կտավի մեջ, որի մեջտեղով սպիտակ գիծ է անցնում: Այ չեմ տեսնում ու վերջ: Շատ տափա՞կ եմ. միգուցե: Բայց դա չէ ինձ համար հիմա կարևորը: Ինձ համար հիմա կարևոր է ուղղակի հայտնվել ցուցահանդեսում ու անհասկացող աչքերով նայել միատոն նկարներին: Ես դարչինով թեյ եմ ուզում խմել: Ինչ-որ կիսամութ, տաքուկ, փոքրիկ փաբում՝ չոր նստարանին նստած: Ուզում եմ քաղաքը ոտատակ տալ: Ուզում եմ սենյակիս համար ծաղիկներ գնել, իսկ ինձ համար՝ մուգ կարմիր բարձրակրունկներ: Ուզում եմ մտնել գրադարան ու գիրք կարդալ: Ուզում եմ բոլորի հետ միասին ծափահարել տաղանդավոր դերասանին: Գրողը տանի, ես ուղղակի ապրել եմ ուզում:

Բայց չեմ կարողանում: Այ չեմ կարողանում ու վերջ: Ու կարևոր էլ չէ պատճառը: Կարևորը ցանկությունն է: Ապրելու խեղդող ցանկությունը, գեղեցիկը զգալու, տեսնելու անհագ ցանկությունը: Վատի դեմ պայքարելու ցանկությունը, նորը սովորելու ու սխալվելու ցանկությունը, կոփվելու ու էլ ավելի ուժեղ դառնալու ցանկությունը, բաց երկնքի տակ երազելու ցանկությունը: Իսկ ես չեմ կարողանում:

Իսկ դուք կարող եք: Բայց չեք անում: Ձեզնից ոչ մեկ հիմա չի թափառում քաղաքով: Դուք նստած եք համակարգիչների առջև ու կարդում եք իմ գրած հերթական տխմարությունը…Մի՛ կարդացեք: Մի՛ բացեք իմ բլոգը: Թող շաբաթներ շարունակ իմ բլոգում ոչ մեկ չհայտնվի: Բայց ես իմանամ, որ դուք ապրում եք: Իսկապես ապրում եք:

Հիմա…հիմա ես ուղղակի ատում եմ ինձ ու չեմ կարողանում ներել: Չեմ կարողանում ներել, որ ժամանակին, երբ ձեր պես կարող էի վայելել ամեն ինչ՝ չվայելեցի: Ու հենց դրա իսկ պատճառով հայտնվեցի այսպիսի հիմար վիճակում: Չեմ կարողանում ներել ինձ, որ ժամանակին այս ամենը չգիտակցեցի: Չեք պատկերացնի՝ ինչքան բան կտայի, միայն թե այս գրառումը երբեք չգրեի ու հիմա ուղղակի թափառեի փողոցով:Չէ, մի պատկերացրեք, չի ստացվի: Ինչ էլ պատկերացնեք՝ քիչ է:

Ինչու եմ գրում այս ամենը:

Ուզում եմ խնդրել: Ուզում եմ շատ-շատ խնդրել ձեզ: Ապրել: Ապրել հենց ձեզ համար: Որ չգա մի օր, որ սկսեք կարոտել մետրոներն ու փողոցները:

Ապրեք իմ փոխարեն, խնդրում եմ: Հիմա ապրեք և՛ ձեզ համար, և՛ իմ փոխարեն: Մի սպանեք ձեզ քառակուսի սենյակներում ու կասկածների, վատ տրամադրության մեջ: Ապրեք ու շնչեք: Շնչեք թոքերի ողջ պարունակությամբ: Վայելեք ամեն վայրկյանը, քանի որ մեր կյանքում չկան սովորական ակնթարթներ: Ապրեք իմ փոխարեն, քանի դեռ ես չեմ կարողանում ապրել: Ես գիտեմ, որ ինչ-որ մի տեղ ինձ է սպասում իմ մի բաժակ դարչինով թեյը: Իսկ եթե ինչ-որ մեկը կամ ինչ-որ մի բան սպասում է քեզ՝ պետք է անպայման գնալ ու հասնել: Բայց հիմա…

Ապրեք իմ փոխարեն:

Այսքանը: