Մոնթեն երկօրյա մարտերից հետո ուժասպառ ու ճնշված էր. դեկտեմբերի 5-ին ու 6-ին նա 9 մարտիկ էր կորցրել, որոնց թվում' ենթահրամանատար Վալոդին: Մյուս ռազմաճակատում նրա զինվորներն ադրբեջանցիներին հետ էին մղել Մերզուլիից 3 կիլոմետր արեւելք' կռվի դաշտում թողնելով 150 թշնամու դիակ:
Հաջորդ օրը հեռուստալրագրող Վարդգես Բաղրյանը Մոնթեից հարցազրույց վերցրեց Չեյիլի բարձունքների ճակատային խրամատներում:
- Ավո՛ ջան, հիմա ես կխնդրեի, որպեսզի դու քո մասին պատմեիր, - քաղաքավարի, բայց հաստատուն ձայնով ասաց Բաղրյանը:
Նրան միշտ շատ էր հետաքրքրել հրամանատարը:
- Ի՞նչ ըսեմգ Չեմ ուզեր երկար-բարակ խոսիլ, - պատասխանեց Մոնթեն. - իսկական անունս Մոնթե է, Մոնթե Մելքոնյան: Այս Ավո անունը որդեգրեցի, երբ որ Շահումյան գացի 91 թվականին, տակավին խորհրդային բանակ կար եւ այլնգ
Նրա ձայնը շատ գործնական էր:
- Անցյալին սփյուռքի մեջ պայքարած եմ մեր ժողովրդի իրավունքներուն համար եւ այստեղ կգտնվիմ նույն պատճառի համար: Ասիկա այդ նույն պայքարի շարունակությունն է:
Երբ Բաղրյանը զարմանք հայտնեց, որ սփյուռքահայը եկել էր Արցախում կռվելու, Մոնթեն ծիծաղեց.
- Շատ նորմալ բան է: Նորմալ բան է, որ հայը գա եւ իր հայրենիքը պաշտպանե, շատ նորմալ բան է: Իրավունքն է բոլորին, եւ նաեւ պարտականությունն է: Եվ զարմանալին այն է, որ ավելի շատ հայեր չեն եկած նույնը ընելու, միայն այդ է զարմանալին:
Այդ թեմային նա անդրադարձավ նաեւ հետագայում' մեկ այլ հարցազրույցում. «Մենք տեսանք, որ մեր հայրենիքի մի մասը գրավում են, գրավում ամենաստոր եղանակով. պետությունը' ադրբեջանական պետությունը, դավեր էր նյութում' այն աստիճանաբար զավթելու համար, եւ նրանք զավթում էին այն' ճնշելով մեր ժողովրդի բոլոր իրավունքները, ճնշելով նրա մշակույթը, ահաբեկելով նրան. երբ մարդ տեսնում է այս ամենը, դժվար է չմասնակցել: Եվ զարմանալի է, որ ավելի շատ մարդիկ չեն մասնակցում»: