Նոյեմբերի 25-ը ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս՝ Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է:
Նոյեմբերի 25-ին լրանում է Հայաստանի և Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի 58 ամյակը: Նրա ղեկավարության օրոք՝ 1993 թվականին ազատագրվեց Քարվաճառը, իսկ Մարտունու շրջանը դարձավ պատերազմի տարիներին ամենապաշտպանված շրջանը:
Մոնթեն ասում էր. «Եթե կորցնենք Արցախը, մենք կփակենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը»:
Մոնթե Չարլզի Մելքոնյանը ծնվել է 1957 թ. նոյեմբերի 25-ին, Կալիֆորնիայում, մահացել՝ 1993թ. հունիսի 12-ին, Աղդամում:
37 տարեկան հասակում զոհված լեգենդար հրամանատարի կենսագրությունը այնպիսին է, որ «կհերիքեր» մի քանի հասուն և հերոսական ուղի անցած մարդու: Ինչպես նշված է Հայկական ազատ հանրագիտարանում նրա մասին կենսագրական տեղեկույթում՝ իր հայ լինելու մասին Մոնթեն իմացել է 12 տարեկանում: 20 տարեկանում ընդունվում է Կալիֆոռնիայի Բըրքլիի համալսարանը։ Բացարձակ ընդունակությունների տիրապետելով՝ չորս տարվա դասընթացն ավարտում է կրկնակի տիտղոսով՝ ստանալով հնագիտության և ասիական պատմության մասնագետի դիպլոմներ։ Համալսարանում ուսանելու տարիներին հիմնում է «Հայ ուսանողական միություն»-ը:
Ընդունվելով Օքսֆորդի համալսարան, նա գնում է ոչ թե Մեծ Բրիտանիա, այլ՝ Արևմտյան Հայաստան՝ ուսումնասիրելու և չափագրելու Վասպուրականի հնագույն ժայռափոր դամբարաններն ու կացարանները։
1973թ. նա արդեն սովորելու համար մեկնում է Ճապոնիա, ապա՝ Հարավային Կորեա, ուր աշակերտում է բուդդայական վանականի։
Հաջորդ կանգառը Վիետնամն էր, ուր մոլեգնում էր պատերազմը։ Վերադառնում է Ամերիկա՝ լիովին տիրապետած ճապոներենին ու կարատեի մարտարվեստին։ 1978 թվականի աշնանը Մոնթեն մեկնում է Իրան, ապա Լիբանան՝ մասնակցելու Բեյրութի հայ համայնքի ինքնապաշտպանության մարտերին։ 22 տարեկանում արդեն լիովին տիրապետում է անգլերենին, ֆրանսերենին, իսպաներենին, իտալերենին, թուրքերենին, պարսկերենին, ճապոներենին, քրդերենին։ 1980-ին միանում է «Հայաստանի Ազատագրական Հայ գաղտնի բանակին» (ԱՍԱԼԱ)։ 1981 թվի նոյեմբերին Փարիզում ձերբակալվում է՝ Հռոմում թուրք դիվանագետի սպանությունը նախապատրաստելու մեղադրանքով, որի հերքումից հետո, այնուամենայնիվ, բանտարկվում է կեղծ անձնագիր կրելու մեղադրանքով։ Մի քանի շաբաթից ազատ է արձակվում։ Երկու տարվա ընթացքում դառնում է ԱՍԱԼԱ-ի կարևոր դեմքը։ 1989թ.-ին բանտից ազատվում է և 1991թ. կեղծ անձնագրով գալիս է Հայաստան և հիմնադրում «Հայրենասիրական» ջոկատը:
Երևանում 7 ամիս աշխատում է Գիտությունների ակադեմիայում՝ գրելով և հրատարակելով «Հայաստանը եւ հարևանները» գիրքը։ Արցախի ազատագրման պատերազմը սկսվելուց հետո, թողնելով գիտական գործունեությունը, մեկնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ մարտական գործողություններին մասնակցելու համար։ Այստեղ նա ձեռք է բերում Ավո կեղծանունը և 1992թ.-ին Վազգեն Սարգսյանի առաջարկով ստանձնել է Մարտունու շրջան շտաբի պետի պարտականությունը։ Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը։ 1993թ.-ի հունիսի 12-ին հետախուզության նպատակով Մոնթեն մարտընկերների հետ մեկնում է Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մատույցներ, որտեղ ադրբեջանական զրահամեքենայի կրակոցից զոհվում է։
Սևակ Գրիգորյան